ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկներն ընդունվեցին

ՀՀ կառավարությունն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկները և փոփոխություն կատարել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում:
2016թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստին հաստատվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Կառավարության նոր որոշման մեջ մասնավորապես նշվել է հետևյալը. «Սահմանվել է, որ Խորհրդի կազմում ընդգրկվում են նաև 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն Խորհրդի ստեղծման պահից դեռևս ոչ մի հասարակական կազմակերպություն չի անդամակցել վերջինիս: Չանդամակցելու պատճառներ են հանդիսանում հասարակական կազմակերպություններին ներկայացվող խիստ չափանիշները, հասարակական կազմակերպությունների թվաքանակի հետ կապված խնդիրները»:
Շուրջ երկու տարի Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ներ հակակոռուպցիոն կոալիցիան բարձրաձայնում են նշյալ որոշման թերությունների վերաբերյալ: Նախ որոշումն ընդունվել է առանց քաղաքացիական հասարակության հետ քննարկելու, ինչի մասին մասին բարձրաձայնել է Իրավաբանների հայկական ասոցիացիան և գործընկեր կազմակերպությունները: 2014 և 2015 թվականներին կառավարության կողմից չընդունվեցին ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկները, ինչն էլ հանգեցրեց նրան, որ քաղաքացիական հասարակությունը բոյկոտեց խորհրդի աշխատանքները:
Արդյունքում 2015 թվականի հուլիս ամսին Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն իր աշխատանքները սկսեց՝ առանց քաղաքացիական հասարակության գործուն մասնակցության, միայն մի քանի հասարակական կազմակերպության ղեկավարներ հրավիրվել էին որպես դիտորդներ:
Այդուհանդերձ, տևական պայքարն իր արդյունքը տվեց, դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության նիստին ընդունվեց նոր որոշում: Կառավարությանը ներկայացնելով նախագիծը՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գերատեսչությունը կատարել է որոշակի փոփոխություններ, որոնք համաձայնեցվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ. «Առաջարկում ենք ավելացնել ՔՀԿ ներկայացուցիչների թիվը, 2-ի փոխարեն դարձնել 4-ը, ընդ որում՝ ներառել այնպիսի ՔՀԿ-ներ, որոնք բիզնես ոլորտի կազմակերպություններ են, ներառել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայից մեկ ներկայացուցիչ: Բացի այդ, ներառվելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև ավելի են մեղմացվել ՀԿ-ների ընդգրկման պահանջները»,- ասաց նախարարը՝ հավաստիացնելով, որ այսկերպ խորհուրդն արդյունավետ կգործի:
Նշենք նաև, որ խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ընտրության չափորոշիչները նույնպես փոխվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկով:
Մանրամասները նախագծում՝
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
որոշման նախագիծ, հավելված
հիմնավորում, տեղեկանքներ
ամփոփաթերթ