Մինչև 870 հազար եվրո դրամաշնորհներ կտրամադրեն առաջիկա երեք տարիների ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիան և գործընկեր կազմակերպությունները՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:
Այս մասին այսօր Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: Նրա խոսքերով՝ դրամաշնորհներ կստանան այն կազմակերպությունները, որոնք կանցնեն համապատասխան ուսուցումներ: Դրամաշնորհները կտրամադրվեն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
«Հիմնականում մենք նաև պետք է ձեր և մյուս դերակատարների հետ միասին ոլորտային խնդիրները վեր հանենք՝ փորձելով դրանց լուծում տալ»,- նշեց պարոն Զադոյանը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով քաղաքացիական հասարակության գործունեությանը, հատկապես կարևորեց կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած հաջող փորձը. «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, իրականում, անգնահատելի են այն ջանքերը, որոնք քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչների կողմից կատարվում են»,- նշեց նա:
Ի դեպ, Իրավաբանների հայկական ասոցիացիան մինչ այս իրականացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը:
Նախարար Արփինե Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Եվրոպական միության նոր ծրագրի միջոցով կառավարության հետ կստեղծվի արդյունավետ համագործակցություն. «Մենք միասին ենք քայլում և նույն ուղղությամբ ենք նայում, այս առումով պետք է արձանագրեմ հերթական հաջողված համագործակցության ձևաչափն ու քայլը»,- շեշտեց գերատեսչության ղեկավարը:
Հանդիպմանը ներկա էր նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ ղեկավար Հակոբ Ավագյանը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) նախագահ Ալեքսանդր Շագաֆյանը, Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչ Վահրամ Վարդանյանը և ԻՀԱ-ի ղեկավար կազմի այլ անդամներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակներում համագործակցության մի շարք հարցեր: Նախարար Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ Արդարադատության նախարարությունը կաջակցի «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրականաացմանը և վստահ է, որ սա կլինի Կառավարություն-Քաղաքացիական Հասարակություն համագործակցության հերթական հաջողված ծրագիրը:
Նշենք, որ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն կյանքի է կոչվելու Իրավաբանների հայկական ասոցիացիայի և գործընկերներ կազմակերպությունների «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիան և Հայաստանի համայնքների միության հետ: