Ծնվել է 1983 թվականին Բեյրութում, Լիբանան:1990-1992թթ. տարրական դպրոց է հաճախել Երևանում, միաժամանակ ուսանել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Այնուհետև տեղափոխվել Լիբանան և կրթությունը շարունակել Բեյրությում: 2005թ.-ին ավարտել է Լիբանանի գրականության համալսարանի անգլերենի բաժինը` ուսանելով անգլիական գրականություն: Այժմ նա հանդիսանում է Լիբանանի պետական համալսարանի Անգլերեն լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանողուհի: Շողերը անգլերեն և հայերեն է դասավանդում Բեյրութի Պողոս Կարմիրյան վարժարանում: Նա 1995թ.-ից բազմիցս եղել է Հայաստանում` որպես զբոսաշրջիկ: Ունի բազմաթիվ նախասիրություններ` նկարչություն, կինոնկար, ճանապարհորդություն, երաժշտություն: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներին:
Շողեր Մարկոսյան. “Ես միշտ նայել եմ Հայաստանին զբոսաշրջիկի տեսանկյունից: Քանի որ ես նպատակ և մտադրություն ունեմ դարձնել Հայաստանը իմ հիմնական բնակության վայրը, ես կարևոր եմ համարում կյանքի փորձ ձեռք բերել` լինելով Հայաստանի աշխատավոր դասի ներկայացուցիչ: Ես ընտրեցի ՀԵԻԱ-ն, քանի որ այն հիանալի հնարավորություն էր ընձեռում կիրառել իմ ուսման ոլորտը Հայաստանում: Ես շատ ուրախ եմ ի վերջո կատարել կամավորական աշխատանք այստեղ”:
ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Իրականացրած աշխատանքներ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում Շողեր Մարկոսյանն աշխատել է 2006թ.-ի հուլիս և օգոստոս ամիսներին: Կամավորական ծրագրի ընթացքում նա սղագրեց և կազմեց 2002 թվականի սեպտեմբերի 12-ից 15-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված Իրավաբանների միջազգային հավաքի և “Մարդու իրավունքների և իրավական պետության” թեմայով սեմինարի տեսաձայնագրման նյութը: Հավաքը կազմակերպվել էր Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիայի, Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակի, ՀՀ Սահմանադրական դատարանի օժանդակությամբ: Սեմինարի ընթացքում քննարկվել էին Հայաստանի սահմանադրական և դատաիրավական բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, մասնավորապես արդար դատավարության և արտահայտվելու ազատության իրավունքներին, ահաբեկչության դեմ պայքարի կոնտեքստում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, հայոց ցեղասպանության ճանաչման իրավական հիմքերին վերաբերվող հարցեր: Զեկուցումներով հանդես էին եկել ճանաչված իրավաբաններ և գիտնականներ Հայաստանից, Եվրոպայի Խորհրդից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանից և այլն: Սեմինարին մասնակցել էին ընդհանուր առմամբ 85 հոգի Հայաստանից և Եվրոպական 5 երկրներից:
Մասնակիցների ելույթների նյութը, որը ՀԵԻԱ-ի կամավորի կողմից կազմվել է անգլերեն լեզվով, նախատեսվում է թարգմանել և հրատարակել ժողովածուի տեսքով:
Շողեր Մարկոսյանը ՀԵԻԱ-ի անդամների և ուսանողների հետ անցկացրել է տարբեր թեմաներով քննարկումներ, որոնք հնարավորություն են ընձեռել վերջիններից փոխանակել իրենց փորձն ու տեղեկատվությունը ամենատարբեր հետաքրքիր բնագավառների վերաբերյալ: