Պատերազմը փոխեց շատ բան, պատերազմը ցույց տվեց, որ կոռուպցիան ունի արյան տեսք: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը վստահ է՝ կոռուպցիայի դեմ պայքարը հատկապես պատերազմի ֆոնին՝ պետք է լինի անհաշտ: Պայքարը բարիկադներ չի հանդուրժում, այս դեպքում պետք է միավորվեն պետությունը և քաղաքացիական հասարակությունը՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, այլընտրանք չկա:
Կոռուպցիան պետական բյուջեին հատկապես մեծ վնաս է տալիս, եթե առկա է գնումների ոլորտում: Պատահական չէ, որ նախորդ տարվանից սկսած Իրավաբանների հայկական ասոցիացիան, ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիան դոնոր գործընկերների՝ ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ վեր են հանում այս ոլորտում առկա կոռուպցիոն վտանգներն ու երևույթները:
Հերթական հանդիպումը Կապանում էր, հակակոռուպցիոն միջոցառումն անցկացվում էր «Պետական գնումների և պետական գույքի մասնավորեցման ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» թեմայով:
Կարեն Զադոյանը բացման խոսքով հանդես գալով, նշեց, որ ապրիլյան պատերազմին կոռուպցիան արյան տեսք ստացավ, սա լուրջ ահազանգ էր պետությանը և քաղաքացիական հասարակությանը: Մինչև բուն թեմային անդրադառնալը նա խոսեց ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիայի և կառավարության համագործակցության արդյունքներից:
Նա ասաց, որ ներկայումս քաղաքացիական հասարակությունը մի շարք ուղղություններով է աշխատում կառավարության հետ, նախ մշակվում են Հակակոռուպցիոն բնույթի կարևոր օրենսդրական փաթեթներ, ինչպիսին է ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ նախագիծը, բացի այդ փորձ է կատարավում ստեղծել անկախ Հակակոռուպցիոն մարմին, սեղանին դրված է երկու մոդել, որից առավել արդյունավետը ունիվերսալ անկախ մարմինն է (այս մարմինը պետք է ունենա կանխարգելիչ, կրթական ու իրավապահ գործառույթներ), ինչպես նաև գործադիրի հետ քննարկվում է վարչական կոռուպցիայի նվազմանն ուղված քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների ու կառավարության համագործակցությամբ գործարկվելիք համակարգն է՝ հակակոռուպցիոն կենտրոնները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը շեշտեց, որ արդեն պահը հասունացել է ու ստեղծվել է հարթակը, որպեսզի մենք շոշափելի արդյունքների հասնենք կոռուպցիայի դեմ պայքարում. «Սա շատ մեծ տնտեսական ներուժ ունեցող ծրագիր է: Ես վստահ եմ, որ բիզնես հանրությունը կարևոր ներուժ պետք է հանդիսանա կոռուպցիայի դեմ պայքարում: Սա ամենաուժեղ ներուժն ունեցող սեկտորն է»,- նշեց տիկին Գյուլնազարյանը:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի խոսքերով քաղաքացիական հասարակության մասնակցության ներկա ձևաչափը որոշակի առաջընթաց ապահովել է կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն ասել, որ շոշափելի արդյունքների ենք հասել, դեռ վաղ է. «Պետական գնումներն այնպիսի ոլորտ է, որ իմ պատկերացմամբ հայկական ծագում չունի, այն բնութագրական է բոլոր երկրներին, եթե շուկայում կա ապրանք, շահեր, ապա կան նաև կոռուպցիոն ռիսկեր»,- ընդգծեց պարոն Դավթյանը՝ հավելելով, որ խնդիրները վեր հանելով, հնարավոր է նաև առաջարկել դեղատոմսեր. «Սյունիքի մարզային իշխանությունները կարևորում են բոլոր ջանքերը, որոնք նպատակուղված են Հակակոռուպցիոն պայքարին: Կոռուպցիան մեծագույն չարիք է, այն մեր տնտեսության առաջընթացի խոչընդոտը հանդիսացող գլխավոր նախապայմանն է»,- ասաց մարզպետի տեղակալը:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նշեց, որ համայնքը փորձում է գնումների ոլորտն էլ ավելի բաց իրականացնել, ողջամիտ մոտենալ սեփական բյուջեում իրականացվող ծախսերին. «Այսօր ներդված գործիքները թույլ են տալիս առավել թափանցիկ իրականացնել գործընթացները: Այդուհանդերձ, մենք բոլոր քայելրը ձեռնարկում ենք լիարժեք թափանցիկություն ապահովելու համար»,- ընդգծեց պարոն Հայրապետյանը:
Այնուհետև մեկնարկեց ոլորտային քննարկումը: Զեկույցներով և ելույթներով հանդես եկան ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության և բիզնես սեկտորի ներկայացուցիչներ:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության գնումների գործընթացի կարգավորման ու համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանը առանձնացրեց խնդիրներն ու ներկայացրեց այն աշխատանքները, որ իրականացրել է գերատեսչությունը դրանք չեզոքացնելու համար: Նա ասաց, որ գնումների ոլորտում մշտապես առաջանում են կոռուպցիոն ռիսկեր ու նախարարությունը փորձում է խնդիրները վեր հանել ու լուծել. «Նախկինում մեկ անձից կատարվող գնումներն իրականացվում էին անհայտ մեխանիզմով, ինչը բերում էր կոռուպցիոն ռիսկերի ու չարաշահումների, եթե դրան ավելացնենք, որ բավական բարձր էր մեկ անձից կատարվող գնումների տոկոսը, ապա ոլորտը բավականին խոցելի էր: Ներկայումս մեկ անձից կատարվող գնումներն իրականացվում են մրցակցայիին սկզբունքներով, ռիսկերը նվազեցվել են»,- ասաց բանախոսը՝ նաև ներկայացնելով վիճակագրությունը: Ըստ նրա՝ 2015թ. ընդհանուր գնումների մեջ մեկ անձից հրատապությամբ կատարվող գնումները կազմում էին 18,5 տոկոս, սա մեծ ցուցանիշ էր, սակայն ներկայումս՝ 2016թ.-ին մեկ անձից կատարվող գնումները կազմում են ընդհանուրի 8.5 տոկոսը, այսինքն՝ էական նվազում է արձանագրվել:
Հաջորդ խնդիրը պայամանգրի ժամկետը երակարաձգելու հետ էր կապված. «Նախկինում այդ հնարավորությունը տրված էր պատվիրատուներին և նրանք կարճ ժամկետներ էին դնում, հետո հնարավորություն ունենալով, եթե իրենց ցանկալի մասնակից էր հաղթում մրցույթը, երկարաձգում էին, հակառակ դեպքում՝ ոչ: Հիմա պատվիրատուն մեկ անգամ կարող է պայմանագիրը երկարաձգել, այն էլ ոչ ավելի, քան 30 օրը, բացի այդ հետաքրքիր լուծում տրվեց շինարարական աշխատանքների հետ կապված»:
Նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ ներկայումս նաև ներդրվել է կրկնակի մրցույթ գաղափարը. «Այն իրականացվում է յուրաքանչյուր 6 ամիսը մեկ, եթե տարվա սկզբում կնքվել է պայմանագիր ու նախատեսվում է ամբողջ տարվա համար մատակարարում, 6 ամիսը մեկ նորից մրցույթ է հայտարարվում, եթե դրա արդյունքում ավելի ցածր գին է սահմանվում, ապա նախապատվությունը տրվում է դրան»:
ԻՀԱ-ի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանի խոսքերով՝ պետք է այնպիսի ճկուն մեխանիզմներ մշակել, որ մեթոդները կիրառելիս բյուջեին վնաս չտրվի: Բանախոսն անդրադարձավ օֆշորային ընկերությունների հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով միջազգային փորձը: Նա ասաց, որ Բուլղարիայում արդյունավետ կառուցակարգեր են մշակվել, օրինակ՝ օֆշորային ընկերությունները և նրանց մասնաճյուղերը ոչ միայն չեն կարող մասնակցել այս երկրի պետական գնումներին, այլև չեն կարող ձեռք բերել ուղղակի կամ անուղղակի կերպով բաժնետոմսեր վարկային, ապահովագրական, կենսաթոշակների ապահովագրման հաստատություններում, հեռախոսային կապի, ռադիոյի և հեռուստատեսության օպերատորներում և այլն: Բանախոսն ասաց, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով փորձ է կատարվել սահմանել՝ գերակա հանրային շահը ինչ նպատակներ կարող է հետապնդել` տալով բավականին ընդգրկուն մեկնաբանություն, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր դեպք ներառել այդ հասկացության ներքո: Ուստի նա առաջարկում է փոփոխություն կատարել «գերակա հանրային շահ»-ի սահմանման մեջ և թվարկել ու ներառել հստակ կառույցների, ոլորտների անվանումները, որոնց գործունեության բարելավումն իսկապես արտացոլում է հանրության գերակա շահերը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի բարեփոխումների հարցերով նասնագետ/իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը, խոսելով պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդման կարևորությունը և օֆշորային գոտիներից բխող վտանգներից, կարևորեց ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդնումը. «Այսկերպ կբարձրանա գնումներում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կկանխարգելվի շահերի բախման իրավիճակները, կոռուպցիայի մակարդակը կնվազի և արհեստականորեն գնաճ տեղի չի ունենա»,- ասաց նա:
Ըստ իրավաբանի՝ շատ ընկերություններ, որոնց սեփականատերերը հայտնի չեն, օֆշորային գոտիներում գրանցվելով` Հայաստանում հաղթում են պետական գնումների մրցույթներ, շատ պաշտոնատար անձինք չեն հայտարարագրում օֆշորային գոտիների բանկերում գտնվող իրենց հաշվեհամարները: Օֆշորային ընկերությունների հետ առաջացող խնդիրները լուծելու համար, փորձագետն առաջարկում է իրական սեփականատերերի ռեգիստրին այնպիսի օրենսդրական լծակների տրամադրել, ինչպիսիք են բանկային և հարկային գաղտնիքների տիրապետումը, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա ստուգել տրամադրված տեղեկատվության հավաստիությունը:
Ըստ նրա՝ անհրաժեշտ է սահմանել պայմանագրի խզման հետևյալ դեպքերը` երբ ընկերությունը տրամադրում է կեղծ կամ ոչ ճշգրիտ տեղեկատվություն իր իրական սեփականատերերի վերաբերյալ և երբ ընկերությունը իր իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը պայմանագրի կատարման ամբողջ ընթացքում չի թարմացնում:
Առանց հասարակության վերահսկողության պետական գնումների և գույքի մասնավորեցման գործընթացները չեն կարող արդյունավետ իրականացվել, կարծում է Մարատ Ատովմյանը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի տեղական փորձագետը:
Նրա խոսքերով՝ հասարակության վերահսկողության նպատակներն են՝ վեր հանել առկա խնդիրները, ստիպել պետությանը ապահովել օրենքի կիրառումը, պատասխանատու և արհեստավարժ կերպով գործել, ավելացնել հանրային մասնակցության/ներգրավվածության դերն ու նշանակությունը:
Զեկույցներից հետո հնչում էին հարցեր, ծավալվեց արդյունավետ քննարկում: Միջոցառման մասնակիցները, որոնք քաղաքացիական հասարակության, ՏԻՄ ներկայացուցչներ ու բիզնես կազմակերպությունների անդամներ էին տալիս էին ոլորտին առնչվող հարցեր ու ստանում սպառիչ պատասխաններ: Տեղի ունեցան նաև խմբային աշխատանքներ: