Վարչապետի գլխավորած՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է երեք կարեւոր հարց, «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը» որոշել եւ հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին երկամսյա ժամկետում համապատասխան օրենսդրության փաթեթ մշաкել եւ ներկայացնել ՀՀ կառավարություն եւ Ազգային Ժողով: NEWS.am-ի հետ զրույցում Կարեն Զադոյանը նշեց, որ առաջին հարցը վերաբերել է իրական սեփականատերերի բացահայտման խնդրին:
Նա նշեց, որ Հայաստանում պետական գնումներին մասնակցում են շատ ընկերություններ ու այդպես էլ հանրությանը հայտնի չի լինում, թե ովքեր են իրենց իրական սեփականատերերը. «Հիմնականում գրանցվում են օֆշորյան գոտիներում, որպես սեփականատեր հանդես են գալիս իրավաբանական անձինք, որոնք գրանցված են մեկ այլ օֆշորյան գոտում: Մենք առաջարկում ենք, հաշվի առնելով, ԵՄ առաջավոր փորձը եւ այն, որ մինչեւ 2017թ. ԵՄ բոլոր երկրները պետք է ունենան իրական սեփականատերերի ռեգիստրներ, նաեւ ԵՄ մի շարք երկրների փորձից ելնելով՝ առաջարկեցինք, որպեսզի համապատասխան օրենսդրական փաթեթ մշակվի, որով պարտադիր կդառնա Հայաստանում պետական գնումներին մասնակցող ընկերությունները բացահայտեն իրենց իրական սեփականատերերին՝ կոնկրետ գնումները կազմակերպող պետական մարմնի առաջ: Մենք նաեւ առաջարկում ենք, որ այն պետք է հասանելի լինի հանրությանը: Եթե շահերի բախում կլինի, փոխկապակցված պաշտոնական անձանց, մերձավորների հետ, այդ հարցով կզբաղվի արդեն համապատասխան պետական մարմինը եւ նրանց գնումներին մասնակցելու թույլտվություն չի տրվի»:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը նշեց, որ նիստում ներկայացրած երկրորդ խնդիրը վերաբերել է Հայաստանում հնարավոր հակակոռուպցիոն արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի ներդրմանը.
«Քաղաքացիական հասարակություն կազմակերպությունների» կոալիցայի եւ ՀՀ արդարադատության կողմից ստորագրվել է հռչակագիր, համատեղ հակակոռուպցիոն հարթակ ձեւավովել, որի շրջանակներում այս տարի հունվարի 22-ին արդարադատության նախարարի հրամանով 2 աշխատանքային խմբեր են ստեղծվել: Ինստիտուցիոնալ մարմնի վրաբերյալ ուսումնասիրություն կատարող աշխատանքային խումբը, որին մասնակցել են մեր՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի», ինչպես նաեւ ՀՀ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները, ուսումնասիրել են մոտ 35 երկրների փորձ եւ լավագույն մոդել առաջարկել անկախ, հակակոռուպցիոն մասնագիտացված ունիվերսալ մարմնի ստեղծումը: Այս մարմինը հիմնականում 3 գործառույթ է ունենալու՝ կրթական, որպեսզի բարձրացնի հասարակության հակակոռուպցիոնալ մակարդակը, մեր հասարկությանը դարձնի դաշնակից կոռուպցիայի դեմ պայքարին: Երկրորդը՝ հակակոռուպցիոն կանխարգելման գործառույթն է, պետք է ուսումնասիրվեն ներկա պրակտիկան, օրենսդրությունը, ընթացակարգերը եւ համապատասխան բացերը վեր հանվեն, այդ բացերը փակվեն: Շատ կարեւոր է մասնավոր սեկտրին խորհրդատվությունն այն մասով, երբ մասնավոր սեկտորը շփվում է պետական մարմինների հետ, օրինակ՝ պետական գնումները, որտեղ կոռուպցիոն ռիսկեր են հնարավոր: Այսինքն՝ կանխարգելման գործառույթի ներքո, պետք է երկու տարբերակված մոտեցում ցուցաբերվի՝ ուղղված լինի կառավարության, պետական մարմիններում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը եւ երկրորդ՝ մասնավոր սեկտորի հարաբերությունները պետական մարմինների հետ կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանը, հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրմանը»,-ասաց նա:
Կարեն Զադոյանը նշեց, որ Հայաստանում հնարավոր հակակոռուպցիոն արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի երրորդ կարեւոր գործառույթն իրավապահ գործառույթն է՝ քննչական գործառույթը, երբ տվյալ մարմինն արդեն քննի բոլոր կոռուպցիոն հանցագործությունները: Նրա խոսքով՝ այս ձեւաչափը կարեւոր է, որովհետեւ բոլոր երեք գործառույթները լրացնում են միմյանց եւ այդ գործառույթների ներդաշնակ համագործակցությամբ է հնարավոր արդյունքի հասնել. «Շատ կարեւոր է նաեւ ռեսուրսների մոբիլիզացիան մի հարկի ներքո, որպեսզի ավելորդ ռեսուրսներ չծախսվեն եւ բացառվի միեւնույն խնդիրն իրականացնող տարբեր մարմինների միջեւ գերատեսչական շահի եւ բախումների հարցը: Մենք առաջարկել ենք կանխարգելիչ մարմին իր կրթական գործառույթով եւ իրավապահ մարմին առանձին քննչական որեւէ մարմնի տեսքով»:
Երրորդ խնդիրը, որը ՀԿ նախագահը ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում, ապօրինի հարստացման քրեակաացման հետ է կապված: Նա նշեց, որ աշխատանքային խումբը ուսումնասիրել է շուրջ 20 երկրների փորձ եւ առաջարկել Հայաստանում ներդնել այդ ինստիտուտը.
«Այստեղ երկու կարեւոր խնդիր կա՝ իրավապահ մարմինները կհիմնավորեն պետական պաշտոնյաների, հանրային ծառայողների հայտարարագրված գույքի եւ եկամուտների եւ նրանց իրական, օրինական գույքի եւ եկամուտների միջեւ անհամապատասխանությունը, իսկ արդեն ենթադրյալ մեղադրվողները դատարանում կապացուցեն իրենց գույքի եւ եկամուտների օրինականությունը: Եթե չեն հիմնավորի, որ օրինական է ձեռք բերվել, կենթարվեն պատասխանատվության, իսկ գույքը կբռնագրավվի»:
https://news.am/arm/news/333146.html