Վերջին տարիներին ՀՀ Ճանապարհային ոստիկանության ծառայության ոլորտում էական բարեփոխումներ են կատարվել: Այսօր Արարատի մարզում «Կոռուպցիոն ռիսկերը ոստիկանության ոլորտում՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով» հակակոռուպցիոն միջոցառման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետի հաշվառման-քննական և տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Տոնոյանը:
Նա փոխանցեց, որ Ճանապարհային ոստիկանության մի քանի տասնյակ իրավական ակտերում իրականացրել է փոփոխություններ. «Մենք մշտապես հաշվի ենք առել հասարակության կարծիքը: Ուստի փոփոխություններ են կատարվել տաբեր ոլորտներում, օրինակ՝ մեքենայի հաշվառման ժամանակահատվածի կրճատումը և քայլեր ձեռնարկել նվազեցնել վարորդական վկայականի տրման հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև այդ վկայականները համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին»:
Նա նաև նշեց, որ եթե տարիներ առաջ մեքենայի հաշվառման համար քաղաքացիները կորցնում էին ողջ աշխատանքային օրը, սակայն ներկայումս գրանցման և հաշվառման ժամանակահատվածը 4 ժամից կրճատվել և դարձել է 20-25 րոպե:
«Բարեփոխումների արդյունքում՝ ոստիկանության պետի հորդորով ու պնդմամբ ստեղծվեց ու մշակվեց Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը: Նշեմ նաև, որ մի շարք երկրներ տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված մեզնից օրինակ են վերցնում, այդ երկրներից է Ռուսաստանը», – ասաց պարոն Տոնոյանը:
Ըստ նրա՝ Ճանապարհային ոստիկանությունը հնարավորինս փորձել է քաղաքացիներին զերծ պահել ավելորդ քաշքշուկից և կոռուպցիոն ռիսկերից:
Չնայած կատարված բարեփոխումներին, ներկայումս կան խնդիրներ՝ կապված շենքային պայմանների և տեխնիկական հագեցվածության հետ. «Օրինակ՝ հիմա մենք Արարատի մարզում ենք, այստեղ եթե մոտենանք հաշվառման բաժին, ընթացակարգը նույնն է, սակայն տեխնիկական հագեցվածությունը և ենթակառուցվածքները վատ պայմաններում են»,- նշեց բանախոսը:
«Կոռուպցիան չարիքի նման կախված է մեր հասարակության պարանոցից,- քննարկման մասնակիցներին ասաց Արարատի մարզպետի տեղակալ Իլիչ Շադյանը,- վերջին տարիներին ՀՀ-ում բոլոր տեսակի ծրագրերում իր ուրույն տեղն ունի կոռուպցիայի դեմ պայքարը: Սա մեր երկրի անվտանգության, պետականության բարելավման հարցն է, ես ուրախ եմ, որ այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունենում հասարակական կազմակերպության ներկայացուցիչները»,- եզրափակեց նա:
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը համոզված է, որ նման աշխատանքային քննարկումները բավականին մեծ արդյունք են տալիս. «Այս աշխատանքները անպայման ազդում են մարդկանց նորմալ կենսակերպի վրա, ցանկալի կլինի, որ այսպիսի աշխատանքները շատ լինեն, որ մարդիկ կարողանան ապրել իրավական երկրում»,- նշեց նա:
«Ոստիկանության ոլորտում՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով կոռուպցիայի հաղթահարման մարտահրավերները» թեմային անդրադարձավ Քարլ Ուլբրիխտը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագրի» միջազգային փորձագետը:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը այս պահին մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին (միջոցառումը տեղի էր ունենում 11:00-13:00-ն, այդ ընթացքում կառավարությունում ընթանում էր խորհրդի նիստը – Գ.Թ.): Քարլ Ուլբրիխտն ասաց, որ ներկայումս կառավարության գործելաոճը փոփոխվել է, նկատվում է, որ կառավարությունը սկսել է խորությամբ գիտակցել խնդրի լրջությունը և լուրջ քայլեր է ձեռնարկում՝ համագործակցելու ոլորտի մասնագիտական ներուժ ունեցող հասարակական կազմակերպությունների հետ:
Վերադառնալով թեմային՝ նա կարծիք հայտնեց, որ նախ և առաջ հարկավոր է՝ օրինապահ լինեն ղեկավար շրջանակների ներկայացուցիչները. «Երբ աշխատողը տեսնում է, որ իր ղեկավարը մշտապես ժամը 9-ից գալիս է աշխատանքի, ամբողջ օրը անդադար աշխատում և ամենավերջինը հեռանում աշխատավայրից, նա սկսում է մոտիվանալ, իսկ երբ նկատում է, որ նա «մատների արանքով» է նայում աշխատանքին, պաշտոնը օգտագործում սեփական շահերի համար, աշխատողը նույնպես սկսում է որդեգրել նույն գործելաոճը»,- նշեց նա:
Խոսելով համակարգային լուծումներից՝ պարոն Ուլբրիխտը անդրադարձավ օրենսդրությանը, բացի այդ խոսեց էլեկտրոնային համակարգերի ներդրումից, որը, ըստ փորձագետի, հեշտացրել է գործընթացը: Քարլ Ուլբրիխտի կարծիքով՝ պակաս կարևոր չէ աշխատավարձերի հարցը, ինչպես նաև էթիկական նորմերի հստակ սահմանումը: Նա գտնում է, որ պետք է դպրոցներում կրթական ծրագրեր իրականացնել, որպեսզի հենց դպրոցական տարիներից հասարակության անդամները ծանոթանան ոստիկանության գործառույթներին և տեղեկանան կոռուպցիայի վնասակարության մասին:
«Այս բոլոր ոլորտները, որ ներկայացրել եմ, ճիշտ է, որ աշխատանքը լինի համակարգված, որ հասնենք արդյունքի, եթե փորձ արվի մեկ փոփոխություն անել, մյուս ոլորտներում աշխատանք չիրականացվի, արդյունք չի տա»,- նշեց նա:
Միջազգային փորձագետն անդրադարձավ Վրաստանի բարեփոխումներին Ճանապարհային ոստիկանության ոլորտում:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մարիամ Գևորգյանը խոսեց այս ոլորտում կատարված աշխատանքներից:
Նա նշեց, որ նույնականացման քարտեր և կենսաչափական քարտեր ներմուծելուց հետո կատարվել են համապատասխան փոփոխություններ. «Նախկինում անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայանում էր համապատասխան ծառայություն, հիմա բարելավում է իրականացվել և յուրաքանչյուր անձնագրայինից հնարավոր է վերցնել: Օրինակ՝ եթե անձը Դիլիջանում է գրանցված, սակայն բնակվում է Երևանում, խնդիրների առջև չի կանգնի»,- ասաց նա՝ անդրադառնալով նաև այլ հարցերի:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Արմինե Չախալյանը բանախոսից հետաքրքրվեց, թե ինչու են բարձր անձնագրի համար վճարները. «Իրականում դա խնդիր է, սակայն անձնագրի բլանկը ձեռք է բերվում բավականին մեծ գումարով, հենց անձնագրի բլանկի հաշվին է այդքան գումար կուտակվում», – նշեց ոստիկանության ներկայացուցիչը:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նախ նշեց, որ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում ճանապարհային երթևեկության կազմակերպումը. «Այսօրվա օրով մենք չունենք երթևեկության կազմակերպման սխեմա, դրա պարտականությունը դրված է քաղաքապետի վրա: Սխեմաներն ինքնակամ իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը, այսինքն՝ երթևեկության կազմակերպումն արվում է այնպես, ինչպես ցանկանում են», – ասաց նա:
Բացի այդ, ըստ մասնագետի՝ առկա են օրենսդրական բացեր, ինչպես նաև օրենքների ակնհայտ ու սխալ կիրառում: Այս շարքին է դասվում նաև ոչ սթափ վիճակում ստուգումները: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ դրանք արդյունավետ չեն իրականացվում, պարունակում են կոռուպցիոն ռիսկեր. «Ես վստահ եմ, որ վարորդ և տեսուչ հարաբերությունները պետք է վերացվեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար»,- շեշտեց իրավապաշտպանը:
Ոստիկանության ոլորտում քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով բարեփոխումների իրականացման նպատակով ՔՀԿ-ների հետ համագործակցության կարևորության ու հեռանկարների մասին խոսեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Արմինե Չախալյանը: Նա առաջարկեց հավանական ուղղությունները:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: