Ապրիլյան պատերազմից հետո հանրությունը ցանկանում տեսնել իրական քայլեր, իրական գործողություններ և իրական արդյունք: Այսօր Երևանում «Հակակոռուպցիոն կրթության և բարեվարքության ամրապնդման մշտադիտարկում ՀՀ բուհերում» զեկույցի քննարկմանը հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:
Անդրադառնալով հենց կրթության ոլորտին նա գործուն մեխանիզմ առաջարկեց ներդնել հակակոռուպցիոն աուդիտի գործիքը, պարոն Զադոյանը մեջբերեց Լեհաստանի փորձը. «Լեհաստանում բուհերի ղեկավարությունը, օրինակ՝ Վրոցլավի բժշկական համալսարանի ռեկտորի հետ հանդիպմանը, նա ասաց, որ եթե մեր բուհի կայքում դրված չէ այդ հակակոռուպցիոն աուդիտի եզրակացությունը, ուրեմն այն կհամարվի կոռումպացված և այնտեղ ուսանողները չեն դիմի: Այսինքն՝ հանրային կարծիքը բավականին զգայուն է այդ հարցում և եթե բուհերը չունեն այդ գործիքը, և չեն կիրառել, ապա համարվում են կոռուպցիոն ռիսկերի բուհեր ու ուսանողները չեն ցանկանում այդ բուհերում սովորել»,- ընդգծեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը` տեղեկացնելով, որ այս փորձը ուսւոմնասիրվել է մի քանի տարի առաջ Լեհաստան կատարած ուսումնական այցի շրջանակներում:
Ըստ նրա՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել այս գործիքը մեր երկրում ներդնելու համար:
Հակակոռուպցիոն կրթության և բարեվարքության ամրապնդման մշտադիտարկում ՀՀ բուհերում» զեկույցը պատրաստվել է «Էլեգիա» ՀԿ-ի կողմից՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ գործընկերությամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ:
ՀԿ-ի նախագահ Հարություն Ալեքսանյանը անդրադարձավ զեկույցին՝ նշելով, որ ծրագիրը տևել է երկու ամիս. «Այդ ընթացքում մենք կարողացել ենք իմի բերել կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրությունը ՀՀ 9 բուհերում, որից 7-ը պետական, երկուսը՝ մասնավոր»,- շեշտեց նա՝ այնուհետև ներկայացրեց զեկույցի արդյունքները: