Իրավաբանների հայկական ասոցիացիան խստորեն դատապարտում է 2016թ. ապրիլի 2-ից 5-ը Արցախի հետ շփման ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունները, ինչպես նաև` ՀՀ-ի Տավուշի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերի ռմբակոծությունները, որոնք, իրենց բնույթով, խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները: Ադրբեջանը չի հետևում jus in bello-ի կանոններին:
Ադրբեջանը ոտնահարել է Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի Կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի, «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ նորմեր: Հարկ է նշել, որ Ադրբեջանը հանդիսանում է վերը թվարկված բոլոր միջազգային փաստաթղթերի մասնակից պետություն:
Սույն աշխատության մեջ քննարկվել են Ադրբեջանի կողմից իրականացված միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների խախտումները, տարածաշրջանային և միջազգային դատարաններ դիմելու հնարավորությունները և տրվել են համապատասխան առաջարկություններ:
Զեկույցի հայերեն տարբերակին կարող եք ծանոթնալ այստեղ` Ադրբեջանի Հանրապետության կատարած իրավախախտումները ԼՂՀ-ում և միջազգային կառույցներին դիմելու հնարավորությունները
Զեկույցի անգլերեն տարբերակը ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ՆԱՏՕ, ԱՊՀ Գործադիր կոմիտե, Եվրոպայի խորհուրդ, Մինսկի խմբի Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ ներկայացչություններին, Human Rights Watch, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան պատվիրակություն, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին: