Ապրիլյան քառօրյա պատերազմից քաղած դասերը շատ են, իսկ կարևորագույնը այն գիտակցումն է, որ կոռուպցիան նախ և առաջ վտանգում է մեր երկրի ազգային անվտանգությանը:
Այսօր Գյումրիում տեղի ունեցավ «Մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը» հակակոռուպցիոն միջոցառումը, որին ներկա էին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամները, պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը խոսելով ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերից ասաց. «Բարեփոխումների հետ կապված մենք լուրջ աշխատանքներ ունենք անելու: Իսկ եթե այդ բարեփոխումներին քաղաքացիական հասարակությունը ներգրավվում է, դրա արդյունավետությունը շատ մեծ է: Դրա օրինակները շատ են, օրինակ՝ Նոտարական համակարգում նման դրական օրինակ ունենք: Ես ցանկանում եմ խոսել նաև պետական մարմինների «վախերի հետ», մենք դա խոսեցինք նաև նոտարական համակարգի հետ աշխատանքի ժամանակ, երբ առաջարկեցինք մոնիթորինգ անել, վերջին պահին մեզ թույլ չտվեցին այն իրականացնել, սակայն մեզ դա ի վերջո հաջողվեց ու մենք բացահայտեցինք մեծ կոռուպցիոն ռիսկեր»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Հակակոռուպցիոն ծրագրերի հմակարգող Նաիրա Գյուլնազարյանը ներկայացրեց ԵԱՀԿ գործունեությունը այս ոլորտում, կարևորեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում ծրագիրը». «Նախորդ տարի մենք որոշեցինք նոր ուղություն մտցնել ու հակակոռուպցիոն ծրագիր սկսել նաև մասնավոր սեկտորի հետ՝ կարևորելով այդ ոլորտը և հասկանալով, որ սա այն շարժիչ ուժը կարող է հանդիսանալ, որն իր ներուժով կպայքարի կոռուպցիայի դեմ: Նախորդ տարի հիմքը դրեցինք, բավականին հաջող սկսվեց ծրագիրը: Այս տարի որոշեցինք այն շարունակել ու ծրագիրն իրականացնել թեմատիկ ձևաչափով և աշխատել գտնել կոնկրետ լուծումներ, կոնկրետ խնդիրներին»,- ընդգծեց նա:
Կոռուպցիոն ռիսկեր պետական եկամուտների հավաքագրման ոլորտում առկա են, սակայն կոմիտեն դրա դեմ պայքար տանում է: Հանդիպմանը վստահեցնում էր Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ Կարեն Մանուկյանը. «Կոռուպցիան հիվանդագին երևույթ է, կոռուպցիան ընդհանրական երևույթ է, չարիք է հասարակության համար, ցանկացած պետական պաշտոնյա, հայտնվելով այդ իրավիճակում, ընկնում է հիվանդության մեջ, ես չեմ կարծում, որ որևէ անձ, ով հիվանդացել է, չի ցանկանում դրանից դուրս գալ»,- ասաց մաքսատան պետը:
Մեր աշխատանքը ցույց է տվել, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց կարելի է արձանագրել միայն այն դեպքում, երբ քաղաքացիական հասարակության անդամները ակտիվ են: Նշեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Գործարարության Աջակցության Գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
Նրա խոսքերով՝ գործարար միջավայրի ամեն մի ոլորտում կոռուպցիայի հետ կապված խնդիրներ կան. «Կոռուպցիայի խնդիրները կարելի է դասակարգել երկու մասի, մեկը ոչ հստակ օրենսդրությունից է բխում, այստեղ շատ աշխատանքներ կան անելու, և ինչպես է այդ օրենսդրությունը կիրառկվում: Օրենսդրության մշակմանը մեծ կարևորություն պետք է տրվի, գործարարներն ու ՀԿ-ները պետք է պարտադիր կողմ լինեն: Այսօր սա օրենսդրորեն ամրագրված է, բայց ցավոք սրտի, միայն թղթի վրա է»,- շեշտեց բանախոսը:
ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը և նույն կազմակերպության փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը խոսեցին Մաքսային ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերից և հաղթահարման մարտահրավերներից, որպես խնդրահարույց և առանցքային խնդիր զեկուցողները նշեցին «Գործարքի գնի» մեթոդի կիրառության խնդիրները: Այն որ մաքսային մարմինները «Գործարքի գնի» մեթոդ չեն կիրառում մաքսային արժեք որոշելիս և առաջնորդվում են այսպես կոչված «Հսկիչ գներով» խարխլում եմ մեր տնտեսության զարգացմանը՝ ուղիղ հարված հասցնելով տեղական արտադրողներին, փոքր ներմուծումներ կատարող առևտրականներին: Զեկուցողների առաջարկով որոշվեց պատկան մարմինների հետ առանձին քննարկման առարկա դարձնել «Գործարքի գնի» մեթոդի կիրառության օրենսդրական խնդիրների հարցը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտի թեման Մաքսային ոլորտում կոռուպցիայի հաղթահարման արդյունավետ մեխանիզմների կիրառման միջազգային փորձն էր:
Ըստ նրա ոլորտում հակակոռուպցիոն ընդհանուր քաղաքականությունը պիտի տարվի հետևյալ ուղղություններով՝ տեղեկատվություն տրամադրող անձանց պաշտպանություն, ապօրինի հարստացման քրեականացում, հասարակական հնչեղություն ունեցող գործերով քրեական հետապնդումներ (կանխարգելիչ ազդեցություն), հակակոռուպցիոն կրթություն:
Որպես միջազգային փորձ նա դիտարկեց հարևան Վրաստանի օրինակը: Միջազգային փորձագետի կարծիքով՝ այս երկրում կոռուպցիոն երևույթների նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության է դրսևորվել, խմբային պատասխանատվության մեխանիզմն է ներդրվել, խիստ վերաբերմունք է որդեգրվել ներկրողների և արտահանողների նկատմամբ և այլն:
Մաքսային ոլորտում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման նպատակով ՔՀԿ-ների հետ համագործակցության կարևորությունն ու հեռանկարներին անդրադարձավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանը:
Ըստ նրա՝ այս ոլորտում հարկավոր վերստուգող հանձնաժողովներ ստեղծել, որոնք կհամախմբեն բոլոր շահագրգիռ կողմերին` գործադիր, դատական, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին, առանցքային գերատեսչությունների քաղաքացիական ծառայողներին, ինչպիսիք են մաքսային, գնումների, եկամուտների հավաքագրման և տեղական ինքնակառավարման: Կառավարությունից դուրս ներկայացուցիչները պետք է ներառեն քաղաքացիական հասարակությունից, բիզնեսից, ԶԼՄ-ներից: Այս մասին է վկայում միջազգային փորձը:
Փորձագետը նաև հատուկ անդրադարձ կատարեց հակաօրինական գործողությունների վերաբերյալ հաղորդում տվողների ինստիտուտին՝ «Whistleblowing»-ին. «Սա լավագույն եղանակներից է կոռուպցիայի դեմ պայքարում: Ցանկացած ոլորտում, այդ թվում` մաքսային, կարևոր նշանակություն ունի տեղեկատվություն հաղորդող անձանց պաշտպանության մեխանիզմների ներդրումը: Այն Նախատեսված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 33-րդ հոդվածով, ինչպես նաև Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի մասին կոնվենցիայով»,- նշեց Մարիամ Զադոյանը:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: