Քաղաքացին, որը դիմել էր ՀՀ Վայոց Ձոր մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն, ցանկանում էր վերականգնել իր եղբոր խախտված իրավունքները, քանի որ վերջինս տվյալ պահին գտնվում էր Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Քաղաքացին չափից ավելի զայրացած էր, քանի որ կատարելով օրենքի պահանջները, նրա եղբոր նկատմամբ չէր կիրառվել համապատասխան ակտը, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ իրավապահ մարմինները գործի լուծման համար ակնկալում են ստանալ որոշակի գումար:
Մասնավորապես, ըստ քաղաքացու հայտնած տվյալների, իր եղբայրը ժամանակին խուսափել է զինվորական ծառայությունից, որի արդյունքում նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ և հայտարարվել հետապնդում, սակայն ըստ համապատասխան իրավական ակտում կատարված փոփոխությունների՝ այն անձը, որը խուսափել է զինվորական ծառայությունից` վճարելով համապատասխան գումար, կարող է ստանալ զինվորական գրքույկ, իսկ նրա նկատմամբ հարուցված քերական գործը պետք է կարճվի, հետևապես, հետապնդումը՝ պետք է դադարեցվի: Քաղաքացին հայտնեց, որ եղբայրը կատարել է օրենքով նախատեսված բոլոր վճարումները, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել և քրեական գործը չի կարճվել:
ՇՊԱԿ-ի իրավաբանները բազմակողմանի ուսումնասիրելով գործը և այն կարգավորող իրավական ակտերի պահանջները, հանգեցին հետևյալ եզրակացությանը. 2004թ.-ի մարտի 4-ին ուժի մեջ մտած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքի, և դրանում 2009թ.-ի ապրիլի 29-ին կատարված փոփոխությունների և լրացումների» համաձայն՝ «1991թ.-ի գարնանային զորակոչից օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված և մինչև 2009թ.-ի մայիսի 1-ը 27 տարին լրացած կամ սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետմամբ իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած ՀՀ քաղաքացիները յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու դիմաց կարող են վճարել գումարներ, որի հիմանվրա էլ դադարեցվում է նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և քաղաքացուն տրվում է զինվորականգրքույկ՝ վերջինիս հաշվառելով պահեստազորում»:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ ՇՊԱԿ-ի իրավաբանները խորհուրդ տվեցին քաղաքացուն ևս մեկ անգամ նույն պահանջով ներկայանալ իրավապահ մարմիններին, սակայն, այս անգամ ներկայացնելով ՇՊԱԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմված եզրակացությունը: Համապատասխան իրավապահ մարմինները տեղեկանալով այն փաստին, որ քաղաքացին իրազեկվել է իր եղբոր խախտված իրավունքների վերականգնման եղանակների մասին, անմիջապես կատարեցին քաղաքացու պահանջը: Արդյունքում, քաղաքացու կողմից ՀՀ Վայոց Ձոր մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին ժամանակին դիմելու միջոցով իրավապահ մարմինները կայացրեցին որոշում՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին, որի հիման վրա էլ քրեական գործովվարույթն ավարտվեց: