Այսօր «Կառավարություն-քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն համաժողովին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔԿՀ-ների հակակոռուպցիան կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ է, եթե կառավարությունը հասարակության հետ ընդհանուր է պայքարում: Նա նկատեց, որ քաղաքացիական հասարակությունը ձեռք է մեկնում կառավարությանը՝ իրական արդյունքներ նվաճելու համար:
«Ոչ մի հասարակություն չի ցանկանում պատերազմ, սակայն ապրիլին մեզ պարտադրված պատերազմը երկու արդյունք արձանագրեց»,-ասաց նա և առաջինը համարեց զինվորների, կամավորների սխրագործությունները, և երկրորդ՝ մեր հասարակությանը տեսանելի դարձավ կոռուպցիայի վնասակար հետևանքները երկրում:
Նա անդրադարձավ պաշտոնատար անձանց, որոշ զինվորականների ահռելի չափի դղյակներին և զինվորներ համեստ կենսակերպին։
«Մեր հասարակությունը արթնացավ խոր թմբիրից, մեր հասարակությունը հասկացավ, որ սա ոչ թե հասարակության պայքարն է կառավարության դեմ, այլ սպիտակների պայքարն է սևերի դեմ»,-ասաց նա և նշեց, որ հասարակությունն արդեն հստակ այս ազդանշանները կարող է հաղորդել երկրի իշխանություններին:
Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսակետից նա նշեց, որ համար մեկ խնդիրը համարում են անպատժելիության վերացումը:
Երկրորդ խնդիր նա համարեց այն, որ ապօրինի հարստացած անձանց ոչ թե պետք է կուլակաթափ անել, այլ օրինական միջոցով, դատարանների միջոցով պետությանը վերադարձնել ապօրինի հարստությունները և նրանց ենթարկել քրեական պատասխանատվության: Նա նշեց, որ ներկայումս բավականին առաջ են գնացել և ստեղծված հակակոռուպցիան հարթակի շրջանակներում համատեղ խումբ են ստեղծել:
Երրորդ հարցը նա համարեց այն, որ պետք է հանրության շրջանում՝ արդարադատության համակարգի, իրավապահ մարմիների գործողության նկատմամբ վստահությունն ամրապնդվի:
Այնուհետև նա գտնում է, որ պետք է անկախ մարմին ստեղծվին, այնպիսի ինստիտուտ ներդրվի, որը հնարավորություն կտա արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ:
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն իր ելույթում առաջնային համարեց հակակոռուպցիոն ռազմավարության խնդիրը: Նա կարևորեց նաև կոռուպցիայի դեմ կանխարգելման միջոցառումները:
«Ամենամեծ խնդիրը հանրային վստահության բացակայությունն է: Շատերը ընդգծում են, որ չեն հավատում այդ միջոցառումներին, ըստ այդմ՝ շատ կարևոր է հանրային վստահության ապահովումը»,-ասաց նա:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն իր ելույթում նշեց, որ Հայաստանի հակակոռուպցիոն պայքարում ԵԱՀԿ գրասենյակն իր դերը տեսնում է աջակցություն տրամադրելու գործում:
«Մենք խրախուսում ենք քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն այս բարեփոխումների մոնիտորինգի, վերահսկողության հարցում»,-ասաց նա և նշեց, որ այս համաժողովը միտված է ամրապնդելու քաղաքացիական հասարակության դերը ընդհանուր կառավարության կողմից իրականացրած ծրագրերում: Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակությունը կարող է շարժիչ ուժ հանդիսանալ:
https://www.tert.am/am/news/2016/05/13/zadoyan/2019216