“Կառավարություն- Քաղաքացիական հասարակություն” համաժողով ընդդեմ կոռուպցիայի

Հասարակությունը այլևս չի ցանկանում հանդուրժել այս արատավոր երևույթի՝ կոռուպցիայի առկայությունը մեր երկրում և ձեռք է մեկնում երկրի իշխանություններին ու կառավարությանը, որպեսզի նրանք դրսևորեն իրական քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարում հասարակությանը տեսանելի իրական արդյունքներ նվաճելու համար, այսօր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված համաժողովի ժամանակ հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:
Նա նաև նշեց, որ մեզ պարտադրված ապրիլյան պատերազմը, որը ցավոք պատճառեց տասնյակ զոհեր, երկու կարևորագույն արդյունքներ արձանագրեց. “Առաջինը մեր նորօրյա հերոսների, մեր քաջ զինվորների և կամավորների հերոսական սխրագործություններն են, որոնք դեռևս երկար տարիներ լուրջ լուսաբանման և երիտասարդ սերնդին հայրենասիրական դաստիարակության անսպառ պաշարն են հանդիսանալու, երկրորդ, մեր հասարակությանը տեսանելի դարձավ կոռուպցիայի վնասակար հետևանքները մեր երկրում, սկսած մի շարք վայ-գեներալների ու բարձաստիճան պետական պաշտոնատար անձանց ահռելի չափերի ունեցվածքների, այդ թվում շքեղ դղյակների, վերաբերյալ հրապարկումներից, մինչև մեր քաջարի հերոս սպաների, զինվորների տարրական անվտանգության հարցերի և նրանց շատ համեստ կենսապայմանների վերաբերյալ հրապարակումները”:

Համաժողովին ներկա էին նաև պետական մարմիններ, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում անդրադառնալով երեկ ՀՀ վարչապետի հանձնարարականին՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված, նշեց, որ քաղաքացիական հասարակության հետ համագործակցության արդյունավետ փորձը կօգնի ավելի առաջ գնալ և հայտնեց, որ եթե կան գաղափարներ, ապա իրենք պատրաստ են դրանք քննարկել ցանկացած գործընկերոջ հետ. “Այս քայլերը բավակա՞ն են, կամ գոհացնո՞ւմ են մեզ, իհարկե՝ ոչ։ Արդյունքներ ունե՞նք արձանագրված, կարող եմ միանշանակ ասել՝ այո: Այդ արդյունքներն արագ արդյունավետություն ապահովո՞ղ են։ Բոլորի մասին այդպես չէի ասի։ Կարծում եմ, որ մենք այսօր քայլեր ենք իրականացնում, որոնք դանդաղ արդյունք են տալիս, ինչն օբյեկտիվ է: Բազմաթիվ քայլեր, ծրագրեր ունենք իրականացնելու, և այս առումով մեր կամքն անսասան է,”-ասաց նա:

https://www.barometer.am/news/top-news/20160513/17476/