Սեպտեմբերի 25-ին Գյումրիում տեղի ունեցավ հակակոռուպցիոն կոալիցիայի Շիրակի մարզի ներկայացուցիչների հանդիպումը ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի հետ:
Նա կոալիցիայի անդամների հետ կիսվեց Մալազիայի Պութրաջայա քաղաքում տեղի ունեցած 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի շրջանակներում կատարած այցից, նրանց ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային ներկա միտումների և զարգացումների մասին:
Հեռավոր Արևելք կատարած այցելության շրջանակներում Կարեն Զադոյանը և ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը կարևոր հանդիպումներ են ունեցել 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի կազմկոմիտեի նախագահի և այլ անձանց հետ, ինչպես նաև գործընկերային կապեր հաստատել համաշխարհային հարթակում հակակոռուպցիոն պայքարում աչքի ընկած կազմակերպությունների հետ:
Քննարկմանը անդրադարձ կատարվեց նաև սեպտեմբերի 23-ին քաղաքացիական հասարակության, ի դեմս ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Արդարադատության նախարարությունը համատեղ ՔՀԿ-Պետություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի և աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ հայտարարության ընդունման իրադարձությանը:
Կոալիցիայի անդամները իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին և ստացան սպառիչ պատասխաններ:
Հանդիպման վերջում կոալիցիայի անդամները ներկայացրեցին Շիրակի մարզում իրենց կողմից իրականացվող աշխատանքների և ապագա պլանների մասին ամփոփ տեղեկատվություն: