ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպվող ժողովրդավարության ամառային դպրոցի շրջանակներում ՀՀ 9 մարզերը ներկայացնող 2օ ավագ դպրոցի աշակերտներն այսօր եղան Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում, որտեղ մասնակցեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպած Հակակոռուպցիոն և բարեխղճության ներածական դասընթացին:
Ուսուցումը սկսվեց ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարագող Կարեն Զադոյանի դասախոսությամբ, թեման՝ Կոռուպցիա. խաթարված արժեքներ: Պարոն Զադոյանը ներկայացրեց կոռուպցիայի էությունը, դրսևորումներն ու մակարդակը, խոսեց կոռուպցիայի առաջացման հիմնական պատճառներից: Ըստ նրա՝ դրանք 5-ն են՝ խաթարված արժեքներ. ազնվության պակաս, թույլ քաղաքական կամք. դրանից բխող անարդյունավետ կառավարում և ցածր կազմակերպական կարողություններ, իրազեկության ցածր մակարդակ. հասարակության կողմից կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես պետական մարմինների գործառույթ դիտելու հակումը, քաղաքացիական հասարակության զագացման թույլ մակարդակ. օտարվածություն որոշումների ընդունման, վերահսկողության և գնահատման գործառույթներից ու կարծրատիպեր:
Այնուհետև նաև կատարեց պատմական ակնարկ՝ ներկայացնելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձը, շեշտը դրեց լավագույն փորձին, մասնավորապես Սինգապուրի օրինակին
Դասախոսությամբ հանդես եկավ նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Նա ներկայացրեց բարեխղճությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքներից մեկը, անդրադարձ կատարեց պետական մարմիններում թափանցիկության պահպանման խնդիրներին, խոսեց արհեստավարժությունից:
ՀԵԻԱ փաստաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը, հայտարարագրերի տրամադրման կարգը, սովորեցրեց վերլուծել պաշտոնատար անձանց հայտարարագրերը, իսկ ավարտին՝ հանձնարարություններ տվեց աշակերտներին՝ հաշվետվություններ ներկայացնել մի շարք բարձրաստիճան անձանց հայտարարագրերի վերաբերյալ:
Այսօրվա ուսուցմանը աշակերտները դիտեցին ուսանելի տեսանյութեր, կատարեցին խմբային աշխատանքներ:
Նրանք նաև խաղացին արժեքների աճուրդ խաղը, բաժանվեցին երեք խմբի, յուրաքանչյուր մասնակից բարձրաձայնեց իր նախընտրած երեք արժեքները, այնուհետև ամեն աշակերտի տրվեց խաղարկային թղթադրամներ՝ արժեքների աճուրդում նախասիրած արժեքներ գնելու համար, խմբերը ներկայացրին իրենց կողմից ամենաշատ գումարով գնված երեք արժեքները, իսկ վերջում բոլոր մասնակիցները միասին 9 արժեքներից ընտրեցին 3 ամենակարևոր արժեքները, ամենաշատ միավորները հավաքել էր «ազնվությունը», ապա՝ «սեր» արժեքն ու երրորդը՝ «գիտելիքները»:
«Եթե նրանք վերջում ամենաշատն ընտրեցին հենց ազնվությունը՝ որպես գերագույն արժեք, ապա դասընթացը հաջողվեց»,- ավելի ուշ ասաց Կարեն Զադոյանը: Միջոցառումն ամփոփվեց հավաստագրերի հանձմամբ:
Ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ, աշակերտները ունեն պարզ մեխանիզմներ. «Գլխավոր միջոցը՝ հենց ինքներս մեզնից սկսելն է, եթե ես պատրաստ լինեմ դասին, ես չեմ փորձի որևէ բանով ուսուցչին կամ դասախոսին կաշառել, քանի որ դա կախված է հենց մեզնից»,- ասաց Մերի Գալստյանը: Հանրակթական դպրոցում կոռուպցիայի դեմ պայքարելու համար աշակերտներից Աշոտ Թադևոսյանն առաջարկում է ամեն ամիս դպրոցներում և բուհերում մոնիթորինգ իրականացնել, փակ հարցումների միջոցով վեր հանել խնդիրները. «Ըստ այդմ՝ որոշում կայացնել, հստակ օրենքներ ու պահանջներ ներկայացնել, վերապատրաստել ուսուցիչներին և դասախոսներին»,- ասաց մեր զրուցակիցը: