Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հունիսի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովն ավարտեց Ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթի 2-րդ փուլին դիմած հայտերի գնահատումը:
Հաղթող ծրագրերի և ներկայացնող կազմակերպությունները 5-ն են:
- «Կոռուպցիոն ռիսկերը ծննդօգնության ոլորտում» ծրագիր, իրականացնող` «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպություն (Սյունիքի մարզ):
- «ՓՄՁ հանրության համախմբում տեսչական գործընթացներում կոռուպցիոն դրսևորումների դեմ» ծրագիր, իրականացնող` «Փոքր և միջին բիզնեսի» հիմնադրամ (Երևան):
- «Կոռուպցիայի բացառումն առողջապահության ոլորտում, և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագիր, իրականացնող` «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպություն, համագործակից՝ «Լոռու ՄԻԳ» հեռուստաընկերություն (Լոռու մարզ):
- «Մոնիթորիգը որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք պետական եկամուտների հավաքագրման ոլորտում» ծրագիր, իրականացնող` «Գավառի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպություն, (Գեղարքունիքի մարզ):
- «ՄԻԱՍԻՆ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր, իրականացնող` «Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն, համագործակից՝ «Հրեշտակ» մանկապատանեկան հասարակական կազմակերպություն (Արարատի մարզ):
Գավառի Բիզնես կենտրոն ՀԿ-ն մոնիթորինգ է իրականացնելու պետական եկամուտների հավաքագրման ոլորտում՝ կապված կոռուպցիոն ռիսկերի նվազման հետ:
ՀԿ նախագահ Անահիտ Շազադյանի խոսքերով՝ կազմակերպությունը ողջ մարզում մոնիթորինգ կիրականացնի՝ փորձելով հասկակալ, թե ինչ արդյունք են տվել բարեփոխումները. «Այդ բարեփոխումների բուն նպատակն էր հարկային տեսուչ և հարկատուի միջև էլեկտրոնային եղանակով հաղորդակցության ստեղծումը, որպեսզի գնանք ավելի քաղաքակիրթ դաշտ: Մեր նպատակն է տեսնել, թե որքանով են նվազել այդ անձնական շփումներն ու ինչ դրական արդյունք ունեն, իսկ եթե չեն նվազել, ապա՝ ինչու»,- ասաց մեր զրուցակիցը: Ծրագրով նախատեսվում է շուրջ 500 անձի ներգրավվել մոնիթորինգում, նախատեսվում է քննարկում նաև հարկային տեսչության աշխատակիցների և հարկատուների միջև:
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամը աշխատելու է Վայոց Ձորի և Տավուշի մարզում, իրազեկելու է բիզնեսի ներկայացուցիչներին, փորձելու է ՓՄՁ հանրությանը համախմբել տեսչական գործընթացներում՝ կոռուպցիայի դրսևորումների դեմ. «Լինելու են կլոր սեղաններ, քննարկումներ, իրազեկումներ, բոլոր նյութերը ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին: Մեր կարծիքով՝ որքան էլ, որ մարդիկ տեղյակ լինեն, համենայն դեպս, նրանց պետք է ավելի իրազեկ դարձնել կատարվող ամեն ինչին, մենք միջոցառումների շրջանակներում պետք է ներգրավվենք ՓՄՁ ներկայացուցիչներին»,- ասաց մեր զրուցակիցը:
«Միասին ընդդեմ կոռուպցիայի» ձևաչափով կպայքարի «Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ-ն: Կազմակերպության ղեկավար Տիգրան Շիրինյանի խոսքերով՝ ծրագիրն իրականացվելու է Արարատ քաղաքում և հարակից համայնքներում. «Նպատակը՝ կրթական ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի գնահատումն է, մոնիթորինգի, սոցհարցման միջոցով՝ փորձելով դուրս բերել այն խնդիրները, որոնց հետ բախվում են դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները, հիմնականում ավագ դպրոցների հատվածը և միջին մասնագիտական կրթության հաստատությունների ուսանողները: Հանդիպելու ենք, իրազեկենք, խնդիրները պարզաբանենք ու վեր հանենք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ծրագրի արդյունքում կլինի սոցհարցման արդյունքներն ու առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի Կրթության և գիտության նախարարությանը:
«Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպությունը առողջապահության ոլորտում կոռուպցիայի բացահայտման շուրջ աշխատանքներ կկատարի: ՀԿ-ն ընտրել է Վանաձորում գտնվող հիվանդանոցը: ՀԿ նախագահ Նարինե Խաչատրյանի փոխանցմամբ՝ քաղաքացիները շատ են բողոքում մատուցվող ծառայության որակից. «Մենք պետք է իրականացնենք մոնիթորինգներ, ուսումնասիրություններ, փորձենք առկա թերությունները վերացնել: Հիվանդանոցի ղեկավարության հետ որոշել ենք նրանց աշխատանքը դարձնել թափանցիկ և որակյալ»,- ասաց տիկին Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ ծրագրի շրջանակներում կպատրաստվի նաև հեռուստածրագիր:
Առողջապահության ոլորտի կոռուպցիոն երևույթները կփորձի վեր հանել «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունը: ՀԿ ղեկավար Քրիստինե Սաղաթելյանը մեզ փոխանցեց, որ հիմնական թիրախը լինելու է կոռուպցիոն ռիսկերը ծննդօգնության ոլորտում. «Ուզում ենք տեսնել՝ արդյոք կա կոռուպցիա: Մեր հանդիպումներին կանանցից լսում ենք, որ բացի նախատեսված ծննդօգնության գումարից և անվճար կոնսուլտացիայից, նրանք էլի գումար են տալիս»,- ասաց տիկին Սաղաթելյանը: Ծրագիրը պետք վեր հանի՝ արդյոք նման ռիսկերը համատարած են, թե՝ ոչ: Ծրագրի շրջանակներում կպատրաստվի նաև հեռուստահաղորդում՝ խնդրի վերաբերյալ: