Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր բողոքն է արտահայտում Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործողությունների առթիվ: Հավաքը դադարեցնելու, մասնակիցներին բերման ենթարկելու և դրան հաջորդող գործընթացներն ուղեկցվել են մի շարք խախտումներով:
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթիմասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Տվյալ խաղաղ հավաքին միջամտելը չի եղել անհրաժեշտ և չափավոր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն`վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ, բացառիկ դեպքերում, հատուկ անհրաժեշտության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով կարող են սահմանվել վարչական ձերբակալման այլ ժամկետներ: Ցուցարարների ազատությունը սահմանափակվել է նախատեսված 3 ժամից ավելին` առանց դատավարական կարգավիճակ սահմանելու:
Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` փաստաբանը իրավունք ունի՝առանձին, խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իր պաշտպանյալի հետ` առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման: Բերման ենթարկված անձանց մեծ մասը չի կարողանում օգտվել փաստաբանի ծառայություններից ոստիկանության կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով:
Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝ ջրանետեր և զրահամեքենաներ: Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի) (…), ինչպես նաև խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ: Հավաքին մասնակցել են հղի կանայք և անչափահասներ, որոնց նկատմամբ ոստիկանությունը իրավունք չուներ ջրանետեր գործադրել:
Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն`ոստիկանությունը պարտավոր է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ մարդկանց փրկելու և առաջին բժշկական օգնություն ցույց տալու: Ոստիկանությունը ոչ միայն առաջին բժշկական օգնություն ցույց չի տվել վիրավորներին, այլև ինքն է պատճառ հանդիսացել այդ վիճակի:
ՀՀ Կառավարությանն առընթեր հայաստանի հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման 22-րդ կետի համաձայն`ծառայողները ծառայությունը կատարում են սահմանված ձևի համազգեստով: Տվյալ պարագայում մի քանի տասնյակ ոստիկան ծառայությունը կատարել է առանց համազգեստի, ուստի իրավունք չի ունեցել բերման ենթարկել ցուցարարներին:
Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` արգելվում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը: Ոստիկանությունը նաև խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքին և ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ:
Ոստիկանության կարգապահական կանոնագրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`ոստիկանության ծառայողը պարտավոր է իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանության որոշ ներկայացուցիչներ քաղաքացիներին հայհոյել են:
Ոստիկանության վերոնշյալ գործողությունները հակասում են նաև ՄԻԵԴ որոշումներին տեղ գտած դիրքորոշումներին: Մասնավորապես, Մախմուդարովն ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ որոշման (2007) համաձայն`ոչ հանրային անկարգության հիպոթետիկ ռիսկը, ոչ էլ ամբոխի թշնամական տրամադրվածությունը խաղաղ հավաքները արգելելու իրավական հիմք հանդիսանալ չի կարող:
Եզելինն ընդդեմ Ֆրանսիայի(1991) և Զիլիբերբերգն ընդդեմ Մոլդովայի ՄԻԵԴ որոշումների համաձայն (2004)` հնարավոր պատահարների և մանր խախտումների համար նախապես կիրառվող սահմանափակումները հնարավոր է անհամաչափ լինեն: Խախտում կամ ուժի գործադրում իրականացնելուց հետո է միայն հնարավոր հետաքննություն իրականացնել կամ ձերբակալել անձին, մինչ դեռ մինչև խախտումը սահմանափակումներ կիրառելը կրկին դիտարկվում է որպես անհամաչափություն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատված է համարել, որ անձը չի կարող հավաքների այլ մասնակցիների կողմից իրականցվող անկարգությունների պատճառով զրկվել խաղաղ հավաքների իրականացման իրավունքից, եթե ինքը նման իրավիճակում հանգիստ է մնում ևխախտումներ չի իրականացնում:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան պահանջում է ՀՀ իշխանություններից անհապաղ ազատ արձակել խաղաղ հավաքի մասնակից բոլոր բերման ենթարկված անձանց և անցկացնել ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման օբյեկտիվ և թափանցիկ քննություն:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա