«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության աջակցությամբ 2015թ. հունիսի 19-ին Կապանում տեղի ունեցավ ուսուցանողների ուսուցման դասընթացը:
Սեմինարների միջոցով 6-հոգանոց խմբերում ուսուցանվում են երիտասարդ իրավաբաններ, որոնք դասընթացի ավարտից հետո իրենց հերթին պետք է իրազեկման սեմինարներ և ակցիաներ անցկացնեն հասարակական վայրերում, կազմակերպություններում և ՏԻՄ-երում` կանանց իրավունքների վերաբերյալ:
Առաջին սեմինարի թեմաներն էին ինտերակտիվ ուսուցման մեթոդները, որոնցով էլ անցկացվեց դասընթացը և կանանց սեփականության իրավունքները` այդ թվում ամուսնության, ամուսնալուծության և ժառանգման համատեքստում:
Ծրագրի իրավախորհրդատու Անի Ասատրյանի կողմից նյութի ներկայացումից հետո երիտասարդ իրավաբանները միասին գործնական աշխատանքներ կատարեցին, քննարկեցին իրավիճակներ ու դրանց համար համապատասխան լուծումներ գտան:
Մասնակիցներից Միլենա Սարկիսյանի կարծիքով Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված խնդիրները ավելի շատ ավանդույթային, քան իրավական բնույթ ունեն, և դրանց դեմ պայքարելու համար պետք է կարողանալ ազդել քաղաքացիների մտածողության վրա, ինչի համար նա այս տեսակ դասընթացները բավականին կարևոր և արդյունավետ միջոց է համարում: Սեմինարն անցավ հետաքրքիր քննարկումներով և կարծիքների փոխանակմամբ: