Հակակոռուպցիոն և բարեղճության ոլորտի միջազգային հեղինակավոր բրիտանական «Ինթեգրիթի Էքշըն» միջազգային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ջոյ Սաունդերսը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն այսօր` ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են համագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հարցեր:
Հանդիպման ժամանակ Կարեն Զադոյանը ներկայացնելով ՀԵԻԱ-ի հակակոռուպցիոն գործունեությունը` կարևորելով հակակոռուպցիոն և բարեխղճության վերաբերյալ ուսուցումը, հատուկ ընդգծել է դպրոցների և բուհերի ուսումնական ծրագրերում նման դասընթացների ներառման անհրաժեշտությունը:
Այնուհետև Ջոյ Սաունդերսը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Հենրիկ Լիդրոֆը հանդիպում-քննարկում ունեցան քաղաքացիական հասարակության կազմակերպություններից կազմված հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների հետ` Բաց կառավարման գործընկերության ծրագրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցության, կրթության ոլորտում հակակոռուպցիոն և բարեխղճության ծրագրերի զարգացման վերաբերյալ:
«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի համակարգող Հարություն Ալեքսանյանը նշեց, որ քննարկվել են համայնքային ծրագրերի մոնիթորինգի և կրթության զարգացման բնագավառում ՀԿ-ների մասնակցության վերաբերյալ հարցեր` կապված նոր իրականացվող ծրագրի հետ, որի շրջանակներում հանրակրթական դպրոցների շենքերի սեյսմակայության ապահովման համար շինարակական աշխատանքներ են իրականացվում:
«Հասարակական կազմակերպությունները պետք է օժանդակեն դպրոցներին` կազմակերպելով դասընթացներ ուսուցիչների, բարձր դասարանի աշակերտների և նրանց ծնողների համար` սովորեցնելով շինարակական աշխատանքները վերահսկելու հմտություններ»,- Հարություն Ալեքսանյանը նշեց նաև, որ ուսուցումներ են կազմակերպվելու նաև աշակերտների հետ` հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով: