2014 թվականի սեպտեմբերի 24-ին Գավառում կայացավ հակակոռուպցիոն միջոցառում՝ նվիրված ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հանրային քննարկմանը՝ Գեղարքունիքի մարզի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մասնակցությամբ: Այն կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ Եվրոմիության կողմից` ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
Քննարկման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, ով նաև ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակած 2014-2018թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Ծրագրի փորձագետների կողմից ներկայացվեց Հակակոռուպցիոն բազմաֆունկցիոնալ անկախ մարմնի ստեղծման և ապօրինի հարստացումը քրեականացնելու հնարավորությունը Հայաստանում:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նախատեսվել է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդին` դրա կազմում ընդամենը 2 տեղ հատկացնելով ՔՀԿ-ների ներկայացուցիչներին: Հանրային քննարկմանը մասնակցող ՀԿ ներկայացուցիչները համակարծիք են` կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդում անհրաժեշտ է ընդգրկել 5 հասարակական կազմակերպության, նախատեսված 2-ի փոխարեն, քանի որ Հայաստանում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարելու համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության գործուն, իրական մասնակցություն, այլ ոչ թե ձևական:
Մասնակիցների կարծիքով` ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մեջ անհրաժեշտ է ավելացնել ընտրված 4 թիրախային ոլորտների թիվը ևս 1-ով` դրանցում ընդգրկելով նաև սոցիալական ապահովության ոլորտը: Քանզի, ինչպես իրենք են պնդում, մշտապես մասնակիցն են դառնում սոցիալական ապահովության ոլորտում թույլ տրվող խախտումների: «Նախագծում ներկայացված չորս ոլորտները շատ քիչ են: Սոցիալական ապահովության ոլորտում այնքան շատ են հիմնախնդիրները և կոռուպցիոն ռիսկերը, մասնավորապես բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների, սոցիալական նպաստների հետ կապված, որ սոցիալական ապահովության ոլորտը նույնպես անհրաժեշտ է ներառել նախագծի առաջնահերթ իրականացման ոլորտների շարքում»,-նշեց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար Լուսինե Թոփլաղացյանը:
Հիշեցնենք, որ ներկայումս հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգով հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ առաջարկվել է հետևյալ չորս բնագավառները` 1. կրթություն, 2. առողջապահություն, 3. պետական եկամուտների հավաքագրում, 4. ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Քննարկման մասնակից «Կապուտաչյա Սևան» ՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ կոռուպցիոն երևույթներին երբեմն նպաստում է նոր օրենքների ընդունումը, ինչպես օրինակ՝ հարկային օրենսդրությունը, հարկային բեռի մեծացումը:
Իսկ «Գավառի Բիզնես կենտրոն» ՀԿ-ի նախագահ Անահիտ Շահզադյանը միացավ գործընկերոջ կարծիքին` հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում ամենամեծ խնդիրը նման երևույթների նկատմամբ հասարակության հանդուրժողականությունն է և ոչ բավարար քաղաքական կամքը:
Միջոցառման ընթացքում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների կողմից արված բոլոր առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարություն: