Կոռուպցիայի դեմ պայքարում հույսը միայն իշխանությունների վրա դնելը ճիշտ չէ: Դրա դեմ պայքարում հասարակությունը պետք է նախաձեռնող ու անհանդուրժող լինի:
Կոռուպցիայի դեմ համակարգված պայքարելու համար ոլորտում գիտելիքներ ունենալը անհրաժեշտ է: Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Երևանում եռօրյա հակակոռուպցիոն ուսուցում է կազմակերպվել Երևանի ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար: Սա Երևանում կազմակերպված թվով երրորդ սեմինարն է:
«Շատ կարևորում ենք այս ուսուցումները, քանի որ կարծում ենք` կոռուպցիայի դեմ պայքարում կամ հակակոռուպցիոն աշխատանքներում պետք է ներգրավված լինեն հասարակական կազմակերպությունները, որովհետև եթե հասարակական կազմակերպությունները պասիվ դիրք գրավեն այս հարցում, մենք հաջողություներ չենք կարող գրանցել»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
Եռօրյա ուսուցման օրակարգում լավ/բարեխիղճ կառավարման սկզբունքներն են, կոռուպցիա հասկացությունը, զարգացման պատմությունը, առաջացման պատճառները և այլն:
Մասնակիցները ծանոթացան հակակոռուպցիոն հանրային մոնիթորինգի հասկացությանը, մեթոդաբանությանը, միջազգային փորձին: Քննարկեցին Կառավարության ծրագիրը և Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, հակակոռուպցիոն կոալիցիաներ ստեղծելու միջազգային փորձն ու մեխանիզմները, կատարեցինք գործնական աշխատանքներ:
Ուսուցման ծրագրում են նաև լրագրողական հետաքննության իրականացման կարգն ու առանձնահատկությունները, տեղեկատվություն ստանալու մեխանիզմներին ու աղբյուրները:
«Ըստ իս և ըստ մեր ուսումնասիրությունների` չեմ կարող ասել, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, քանի որ չկա հասարակության անհանդուրժողականություն երևույթի նկատմամբլ և պետական մարմինների բացասական տրամադրվածություն»,- նշեց «Գիտակցիր իրավունքդ» ՀԿ-ի ներկայացուցիչ Վարդուհի Աղաբեկյանը:
«Անկախ ամեն ինչից, նույնիսկ հայաստանյան պայմաններում կարելի է կոռուպցիան որոշ չափով վերացնել»,- կարծում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Արփինե Կարապետյանը:
«Կարծում եմ քայլեր արվում են, սակայն դրան հասնելը շատ բարդ մեխանիզմ է: Ինչ-որ քայլեր, համենայնդեպս, կատարվում են»,- նշեց Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ ՀԿ-ի տնօրեն Գայանե Պողոսյանը:
Ուսուցումը հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ը և ԶԼՄ-ները հնարավորություն կունենան մասնակցել հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին: