ՀԵԻԱ-ն մշակեց 2014-2016թթ.-ի Ռազմավարական պլանը

2014 թվականի հունիսի 7-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի 2013թ.-ի գործունեության ինքնագնահատումը և 2014-2016թթ. Ռազմավարական Պլանի նախագծի մշակումը: Ինքնագնահատման և ՌՊ նախագծի մշակման սեմինարը կազմակերպեցին և անցկացրեցին ՀԵԻԱ-ի վարչության անդամ Սյուզաննա Սողոմոնյանը, ՀԵԻԱ-ի անդամ Սոնա Հարությունյանը և ՀԵԻԱ աշխատակից Նվարդ Լոռյանը:

Սեմինարին ներկա էին շուրջ 30 մասնակիցներ, որոնց թվում էին ներկայացուցիչներ ՀԵԻԱ վարչությունից և աշխատակազմից, անդամներ և կամավորներ, համախոհներ և գործընկերներ: Սեմինարի ընթացքում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ՀԵԻԱ-ի 2013 թվականի ՀԵԻԱ-ի գործունեության հաշվետվությունը և Զարգացման պլանի ուղղությամբ կատարված աշխատանքները, նախորդ տարում կազմակերպության ձեռք բերած հաջողություններն ու իրականացված ծրագրերը:

Ինքնագնահատման գործընթացի արդյունքում հատուկ մեթոդների կիրառմամբ, մասնակիցների կողմից վեր հանվեցին կազմակերպության առավել ուշադրության արժանի երեք ենթահամակարգերը, որոնց հզորացնելու նպատակով կազմվեց 2014 թվականի Զարգացման պլան: 2014 թվականին Զարգացման պլանը ընդգրկում է Ֆինանսական կայունություն, Ծրագրեր ու ծառայություններ և Արտաքին հարաբերություններ ենթահամակարգերը, որոնց համար սահմանվեցին զարգացման նոր ուղղություններ ՀԵԻԱ-ի 2014 թվականի գործունեության ընթացքում:

Սեմինարի ընթացքում ներկայացվեց ՀԵԻԱ-ի գործունեության հիմնական ուղղությունները, ձևակերպվեցին ռազմավարական նպատակները և ռազմավարական խնդիրները, որից հետո ձևակերպվեց ՀԵԻԱ-ի կազմակերպական զարգացմանն ուղղված ռազմավարական նպատակները` հիմնվելով ինքնագնահատման ընթացքում կատարված վերլուծությունների արդյունքների վրա, ինչին էլ հաջորդեց ՀԵԻԱ-ի 2014-2016թթ. Ռազմավարական պլանի վերանայված նախագծի կազմումը: