Հաճախ հայ գործարարները պայմանագիր կնքելիս ուշադրություն չեն դարձնում, թե վեճերի ծագման դեպքում ո՞ր դատարանն է այն լուծելու: Երբեմն արտասահմանյան գործընկերները նշում են Ստոկհոլմի կամ Լոնդոնի արբիտրաժային դատարաններ: Սակայն այդ դատարանները մեկ միլիոն եվրոյից պակաս գումարի վերաբերյալ վեճ չեն քննում:
Առևտրային արբիտրաժի նվիրված համաժողովի կազմակերպիչն են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և Առևտրարադյունաբերական պալատը: Միջոցառման նպատակն է անդրադառնալ ոլորտի հիմնախնդիրներին և զարգացմանը:
«Այս խնդիրն այսօրվա համար արդիական է, քանի որ մենք նաև խնդիր ունենք գործարար միջավայրին հաղորդակից դարձնել վեճերի լուծման այլընտրանքային ձևերին»,- նշեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Ի տարբերություն պետական դատարանների` արբիտրաժային դատարանում վեճն արագ է լուծվում ու ավելի թանկ արժե, սակայն բողոքարկման ենթական չէ, ինչպես պետական դատարաններում:
«Արբիտրաժային դատարանները կարևոր դեր ունեն բարելավվելու տնտեսական կյանքի պայմանները: Այստեղ անհրաժեշտ է շատ ճկուն լինել, ավելի մեծ ճկուն, քան այն ճկունությունը, որն ունեն պետական դատարանները»,- ասաց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Կոնստանտին Ցելենտին:
Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերը կարևորեց նման համաժողովի անցկացումն ու ներկայացրեց արդեն 2 տարի Հայաստանում գործող հիմնադրամի առաքելությունը:
«Այս միջոցառումն ամբողջովին համապատասխանում է իրավական բարեփոխումների համատեքստին, որը որդեգրել է Արդարադատության նախարարությունը` հիմնվելով Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրության վրա, որով հաստատվեց դատաիրավական բարեփոխումների առանցքային ծրագիրը 2012-2016 թվականների համար և ի թիվս այլոց, ի թիվս դատական բարեփոխումների, օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտների բարեփոխումների չափազանց կարևորվում է նաև վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացումը»,- հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:
Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան Միջնորդ դատավարության գերմանական ինստիտուտի փաստաբան Թոմաս Քլիխը, ներկայացուցչներ Առևտրարդյուաբերական պալատից և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայից:
Հ.Գ. Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամն ու Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան համագործակցում են 2011 թվականից և համատեղ կազմակերպել են 5 միջոցառում: