Սեմինար Վայոց Ձորի մարզում` սոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ

Այսօր ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող Վայոց Ձորի հակակոռուպցիոն կենտրոնը «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում Վայոց Ձորի մարզում կազմակերպել էր սեմինար` «Կոռուպցիոն ռիսկերը Վայոց Ձորի սոցիալական ապահովության ոլորտում» թեմայով:

Բացման խոսքով հանդես եկավ Վայոց Ձորի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Էմին Բեգլարյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին և ակտիվ ու արդյունավետ քննարկման հույս հայտնեց: Այնուհետև խոսքը փոխանցեց «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»ՀԿ նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին:

Ողջույնի խոսքում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը շեշտեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը, ներկայացրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի նպատակներն ու գործունեության ուղղությունները:

Կարեն Զադոյանի փոխանցմամբ` սոցիալական ոլորտը բավական զգայուն է և ներկայումս այս ոլորտում մի շարք դատական գործեր կան. «Այս ոլորտում ունենք նաև կամք բարեփոխումների ուղղությամբ: Գիտենք նաև սոցիալական ապահովության ծառայության ոլորտի վերջին նշանակումները և բարեփոխումների իրականացումը»: Կ. Զադոյանը նշեց, որ բացի կոռուպցիոն ռիսկերի հատկորոշելը և ընթացք տալը, պետք է նաև հակակոռուպցիոն մեխանիզմներ և քաղաքականություն ներդնել համակարգում:

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց գործընկերներից` այս ոլորտում միջոցառումների շարք ձեռնարկելու համար: Նա նշեց, որ իր համար այս թեմատիկան խիստ հոգեհարազատ է, քանի որ կառավարության ծրագրում կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվում է որպես գերակայություն. «Կոռուպցիան որպես երևույթ մեր հասարակության զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոններից մեկն է: Սոցիալական ծառայությունների գործունեության շահառուները բավական շատ են, հետևաբար այս ոլորտում հաջողությունները քաղաքականապես կարող են դրական ազդեցություն ունենալ ընդհանուր առմամբ մեր հասարակական միջավայրի ձևավորման համար»:

Վայոց Ձորի մարզի դատախազ Հովիկ Սուքիասյանն ասաց, որ ընտրված թեման բավական արդիական է: Մարզի դատախազի խոսքերով` պետք է փորձել վերհանել հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները. «Սա անցել է հիմնականում երկու ուղղությամբ. տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նպաստող հանգամանքներ առանձին գործողությունների հետևանքով և սոցիալական հատուկ ծառայությունների գործակալությունների աշխատանքի հետ կապված»:

Ըստ նրա` այսօր հիմնական խնդիրը կապված է հանրային վստահության և աջակցության հետ. «Կա նաև իրազեկվածության խնդիր: Սոցիալական գործակալությունների հետ կապված անզգույշ գործողությունը կարող է նպաստել որևէ իրավախախտման: Այս միջոցառումների շնորհիվ ես հույս ունեմ, որ մենք կբարձրացնենք իրազեկվածության մակարդակը»:

Վայոց Ձորի մարզի դատախազության դատախազ Գայանե Խաչիկյանը հրապարկեց վիճակագրական տվյալներ` կապված Վայոց Ձորի մարզում սոցիալական ապահովության ոլորոտում կոռուպցիոն ռիսկերի և հանցագործությունների վերաբերյալ. «2011 թվականին արձանագրվել է հանցագործության երկու, 2012-ին երեք և 2013-ից մինչ այսօր մեկ դեպք»: Վերջինիս հաղորդմամբ` դրանք հիմնականում կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ պարունակող փաստաթղթեր են` սոցիալական ապահովության տարածքային գործակալություններ ներկայացնելու համար, որոնց նպատակը ընտանեկան նպաստի գումարներ խաբեությամբ հափշտակելն էր:

Միջոցառման շրաջանակներում ելույթ ունեցան նաև սոցիալական ապահովության պետական ծառայության Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածքային բաժնի պետերը և տարածքային գործակալության պետերը:

Վերջում կազմակերպվեց քննարկում, որտեղ յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտեց: Կարեն Զադոյանը եզրափակիչ խոսքում նշեց, որ պետք է փորձել այնպես անել, որ բնակիչները իրենց պաշտպանված զգան և հասկանան` պետական մարմինները, այդ թվում իրավապահ մարմինները ոչ թե պատժելու, այլ իրենց իրավունքները պաշտպանելու համար են:

Աղբյուրը` ayla.am