Կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի X-րդ համաժողովը

2012թ.-ի դեկտեմբերի 4-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի X-րդ համաժողովը:

Երկու կետից բաղկացած համաժողովի օրակարգային հարցերը վերաբերում էին «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 01.12.2010թ.-ից մինչև 01.12.2012թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, ֆինանսական և գույքի օգտագործման հաշվետվությունների քննարկմանն ու հաստատմանը, և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար մարմինների ընտրություններին: Մասնավորապես՝ ա) կազմակերպության վարչության թվաքանակի հաստատում, բ) կազմակերպության նախագահի ընտրություն, գ) կազմակերպության փոխնախագահի ընտրություն, դ) կազմակերպության պատասխանատու քարտուղարի ընտրություն, ե) կազմակերպության վարչության անդամների ընտրություն:
Համաժողովի ընթացքում, ՀԵԻԱ-ի նախագահն անդրադարձավ այն հիմնական խնդիրներին, որոնք որդեգրելու է կառույցը առաջիկայում՝ առանձնացնելով հատկապես անդամության ինստիտուտի և ՀԵԻԱ-ի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների հզորացման, կառույցի ներկազմակերպական կյանքի բարելավմանն ու աշխուժացմանն առնչվող, ինչպես նաև ՀԵԻԱ-ի կողմից հակակոռուպցիոն ուղղվածությամբ աշխատանքների իրականացման և արտերկրի համապատասխան կազմակերպությունների հետ մասնագիտական կապերի զարգացման հարցերը:
Համաժողովը բարձր գնահատեց և հաստատեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահի կողմից ներկայացված ասոցիացիայի 01.12.2010թ.-ից մինչև 01.12.2012թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, ֆինանսական և գույքի օգտագործման հաշվետվությունները:
Համաժողովի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ վերընտրվեց Կարեն Զադոյանը, ընտրվեցին նաև ասոցիացիայի վարչության անդամները: Այնուհետև տեղի ունեցավ համաժողովի ոչ ֆորմալ մասը, որի ընթացքում համաժողովի մասնակիցները շնորհավորեցին միմյանց՝ նախորդ երկու տարվա ընթացքում կառույցի ձեռքբերած հաջողությունների և նվաճումների համար:

Աղբյուրը՝ ayla.am