ՀԵԻԱ-ի գործընկեր ICCO հոլանդական կազմակերպության պաշտոնյայի հետ հանդիպումների շարք

2006թ.-ի մարտի 12-ից Հայաստանում է գտնվում ICCO հոլանդական կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար տիկին Զվանջի վան°տ Վիերը: ICCO-ն հիմնադրվել է 1964-ին` նպատակադրվելով աշխատել աշխարհում աղքատության և անարդարության վերացման ուղղությամբ: ICCO–ի հետ ՀԵԻԱ-ն համագործակցում է 2005թ.-ի օգոստոսից:
Տիկին վան°տ Վիերը Հայաստանում է գտնվում աշխատանքային այցով:
Մարտի 13-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցավ տիկին Զվանջի վան°տ Վիերի հետ: Հանդիպման սկզբում հյուրը ներկայացրեց ICCO-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու գործունեությունը: Այնուհետև ՀԵԻԱ-ի նախագահը հյուրին պատմեց ՀԵԻԱ-ի գործունեության, իրականացվող ծրագրերի, ինչպես նաև ICCO-ի աջակցությամբ ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ՀԵԻԱ-ի և ICCO-ի համագործակցության շարունակության և նոր ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր:
2006թ.-ի մարտի 14-ին տիկին վան°տ Վիերը ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի ընկերակցությամբ հանդիպեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Ձոնիկ Մարգարյանի, ՀՀ ԱՀՌԾ-ի մոնիտորինգի և գնահատման խմբի փորձագետ տիկին Հռիփսիմե Մանուկյանի և ՀՀ Ազգային Ժողովի Օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալ պարոն Վրեժ Գասպարյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության հետ կապված մի շարք արդիական հարցեր, տիկին վան°տ Վիերը ներկայացրեց ICCO-ի գործունեությունը և Հայաստան իր այցելության նպատակները:
Մարտի 16-ին ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում անցկացվեց հայաստանյան 8 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը Զվանջի վան°տ Վիերի հետ: Հանդիպման սկզբում ՀԵԻԱ-ի նախագահը ողջունեց մասնակիցներին և ներկայացրեց հանդիպման նպատակը, որից հետո տիկին վան°տ Վիերը ներկայացրեց ICCO-ի գործունեության ուղղությունները և Հայաստան իր այցելության նպատակները: Այնուհետև հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց կազմակերպությունների կողմից ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության բնագավառներում կատարված աշխատանքները, որին հաջորդեց երկարատև և արդյունավետ քննարկում:

Տիկին վան°տ Վիերը իր հայաստանյան այցի շրջանակներում այցելելու է նաև Վանաձոր, Գյումրի և Լեռնային Ղարաբաղ: