2006թ. մարտի 31-ին Համաշխարհային բանկի շենքում տեղի ունեցավ Երևան-Վաշինգտոն տեսակոնֆերանսը` նվիրված Հայաստանում կանանց իրավունքների առաջխաղացման համար ստեղծված կառավարման և իրավական դաշտին:
Կոնֆերանսին ներկա էին ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, միջազգային համայնքի ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացնում էր ՀԵԻԱ-ի անդամ, փաստաբան Լիանա Հարությունյանը: Հանդիպման 3 սեսիաների ընթացքում մասնակիցները քննարկեցին ՀՀ-ում կանանց իրավունքների առաջխաղացման համար գործող իրավական, ինստիտուցիոնալ և կառավարման համակարգերի դաշտը, առկա հնարավորություններն ու խոչընդոտները ՀՀ-ում կանանց մասնակցության համար:
Կոնֆերանսի ամբողջ ընթացքում Վաշինգտոնի անկախ փորձագետները տեսակամուրջի միջոցով հետևում էին քննարկմանը: Հանդիպման մասնակիցները առաջ քաշեցին անհրաժեշտ ցուցանիշներ իրավական համակարգի շրջանակներում ՀՀ-ում կանանց իրավունքների ամրապնդման, ձեռնարկվելիք միջոցառումների հնարավորությունները չափելու համար և առաջարկեցին կատարել որոշակի քայլեր հասարակական կազմակերպությունների դերը բարձրացնելու ուղղությամբ: Լիանա Հարությունյանը տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձավ կանանց իրավունքների իրավական դաշտին` նշելով, որ Հայաստանի օրենսդրության մեջ դեռևս հինգերորդ դարից ամրագրված էին կանանց իրավունքները, հատկապես կրթություն ստանալու իրավունքը:
Տեսակոնֆերանսը ֆինանսավորվել էր Նորվեգիական և Հոլանդական գենդերային ուղղորդման հիմնադրամի կողմից: