2006թ.-ի ապրիլի 4-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում Փախստականների դանիական խորհուրդը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը, ՄԱԿ-ի հետ համատեղ, անցկացրեցին “Վերադարձ և վերինտեգրում. ինչպես հաղթահարել տնտեսական մարտահրավերները” խորագրով խորհրդաժողովը: Խորհրդաժողովի նպատակն էր մերժված ապաստան հայցողների և անկանոն միգրանտների կայուն վերադարձի ու վերինտեգրման, տնտեսական զարգացման հետ դրանց կապվածության վերաբերյալ մի շարք խնդիրներ ներկայացնելն ու քննարկելը:
Խորհրդաժողովին ներկա էին ՀՀ Կառավարության, միջազգային և դիվանագիտական կառույցների, դոնոր կազմակերպությունների, գիտական և այլ ոլորտի ներկայացուցիչներ, ՀԿ-ների անդամներ, լրագրողներ, ինչպես նաև փախստականներ: ՀԵԻԱ-ն ներկայացնում էր ՀԵԻԱ-ի անդամ, իրավաբան Արմինե Ավետիսյանը:
Խորհրդաժողովի 3 մասերի ընթացքում ներկայացվեց ՀՀ-ում միգրացիայի ընդհանուր վիճակը և դրա ազդեցությունը Հայաստանի երկարաժամկետ զարգացման վրա, վերադարձի ու վերինտեգրման խնդրի շուրջ Եվրամիության տեսակետը: Ընդգծվեց նաև Հայաստանում միկրոֆինանսավորման ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները` վերադարձողների և անկանոն միգրանտների խնդիրները լուծելու ճանապարհին: Խորհրդաժողովը ավելի շուտ կրում էր տեղեկատվական բնույթ, չնայած որ դրա մի մասն անցկացվեց բաց քննարկման ձևով, որտեղ հասարակական մի շարք կազմակերպություններ հարց բարձրացրեցին` ուշադրություն հրավիրելով ավելի շատ միգրացիայի կանխման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության փաստի վրա:
Խորհրդաժողովի երկրորդ մասը ծրագրվում է անցկացնել ապրիլի 5-ին` միկրոֆինանսավորող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` պրակտիկ տնտեսական ծրագրերի մշակման նպատակով: