Ջեսափի մրցույթի միջազգային մրցափուլի արդյունքներն արդեն հայտնի են

Ապրիլի 2-ին ավարտվեց 2006թ.-ի “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի միջազգային մրցափուլը, որտեղ հայաստանյան մրցափուլի հաղթող Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային փուլն անցկացվեց մարտի 26-ից ապրիլի 2-ը` ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում: Այս տարի միջազգային մրցափուլին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների 99 թիմեր:
Հայաստանյան թիմը վերադարձավ բավականին հետաքրքիր և հակասական արդյունքներով: Ինչպես հայտնի է, մրցույթի ամբողջ ընթացքում թիմերը գնահատվում են միավորներով, սակայն արդյունքներն ու գրաված տեղերը որոշվում են հաղթանակների և պարտությունների թվով: Այսինքն` թիմը կարող է հաղթել միայն մեկ միավորի տարբերությամբ, և նույնիսկ ցածր միավորներով զբաղեցնել ավելի բարձր հորիզոնական, քան բարձր միավորներ ունեցող թիմը: Հայաստանյան թիմի պարագայում, կարելի է ասել, որ որոշիչ եղավ վիճակահանությունը, որի արդյունքում թիմի մրցակիցներ ընտրվեցին նախորդ տարվա հաղթող Ավստրալիայի թիմը և բարձր հորիզոնականներ զբաղեցրած Ինդոնեզիայի, Չինաստանի ու Գվատեմալայի թիմերը: Նախնական մրցափուլերի արդյունքում հայաստանյան թիմը գրավեց 89-րդ տեղը, սակայն հավաքած միավորների տեսանկյունից թիմի արդյունքը 44-րդն է: Հայաստանյան թիմը հավաքել էր 2865 միավոր` հետևում թողնելով տարածաշրջանի երկու երկրների թիմերին` Վրաստանին` 2803 միավորով և Ադրբեջանին` 2407 միավորով: Վերջնական արդյունքների համաձայն Վրաստանի թիմը 33-րդն էր, իսկ Ադրբեջանի թիմը` 97-րդը:
Այս տարի հայաստանյան թիմը աննախադեպ հաջողություն ունեցավ հայցադիմումների մրցույթում: Միջազգային մրցափուլի մասնակից 99 թիմերից մեր թիմի հայցադիմումը 16-րդն էր: Իսկ “Հարդի Դիլլարդ”-ի անվան լավագույն հայցադիմումների մրցույթում, որին մասնակցում են նույնիսկ միջազգային մրցափուլին չմասնակցող երկրների լավագույն հայցադիմումները, հայաստանյան թիմի հայցադիմումը 19-րդն էր, իսկ նախորդ տարի` 40-րդը: Վրաստանի հայցադիմումը 39-րդն էր, Ադրբեջանինը` 84-րդը: Ի դեպ` այս տարի մեր թիմը հանդես է եկել անգլերեն, ինչն առաջընթաց քայլ է Հայաստանի թիմերի համար: Իհարկե, այս տարվա արդյունքները չի կարելի գոհացուցիչ համարել, սակայն բարձր միավորները թիմի բարձր պատրաստվածության և արժանի մրցակից լինելու վկայությունն են:
“2006թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի միջազգային մրցափուլի հաղթող ճանաչվեց Կոլումբիայի համալսարանի թիմը (ԱՄՆ): Իսկ մրցույթի լավագույն հայցադիմում ճանաչվեց Չինաստանի թիմի հայցադիմումը: Մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց Դեյվիդ Մարտինը, Վաշինգթոնի համալսարան, ԱՄՆ, իսկ երկրորդ բանախոսը ԱՄՆ Ֆլեթչերի համալսարանի ներկայացուցիչ Գարուն Դեմիրճյանն էր:

Մրցույթի պաշտոնական արդյունքները հասանելի են Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի` www.ilsa.org պաշտոնական վեբ-կայքում: Մրցույթի վերջնական արդյունքները մեկ ամսվա ընթացքում հասանելի կլինեն նաև Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ-կայքում`www.jessup.ayla.am հասցեով:

“2007թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթին վերաբերող նյութերի փաթեթները Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր իրավաբանական բուհերին և բուհերի իրավաբանական ֆակուլտետներին կտրամադրվեն 2006թ.-ի սեպտեմբերից: