Ապրիլի 18-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Կենտրոնական գրասենյակում հյուրնկալվել էր Քեթի Փիրսը, որը հարցազրույց ունեցավ ՀԵԻԱ-ի աշխատակիցների ու անդամների հետ: Քեթին Նյուեվրասիա կազմակերպության ներկայացուցիչն է, որն իրենից ներկայացնում է կովկասյան տարածաշրջանի և կենտրոնական Ասիայի համալսարանների ուսանողների ու տարածաշրջանի ուսումնասիրություններով զբաղվող երիտասարդների համագործակցություն: Համագործակցությունը նպատակ ունի զարգացնելու երիտասարդությանը վերաբերող տարբեր թեմաներով քննարկումներ:
Քեթին սովորում է Լոնդոնում և Հայաստան է այցելել Հայաստանի երիտասարդության վերաբերյալ ինտերնետային ռադիոհաղորդում պատրաստելու նպատակով, որն ընդգրկվելու է իր ավարտական աշխատանքում:
Հանդիպման մասնակիցները, պատասխանելով հյուրի առաջարկած հարցերին, զուգահեռներ անցկացրեցին այսօրվա հասարակության մաս կազմող երեք սերունդների հետաքրքրությունների ու հիմնախնդիրների միջև, երիտասարդ իրավաբանները պատմեցին իրենց մասնագիտության մասին` անդրադառնալով նոր իրավական դաշտին ու սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև իրենց փոխհարաբերություններին արդեն իսկ կայացած իրավաբանների հետ: Քեթիի կարծիքով այսօրվա հայաստանյան երիտասարդությունը բաժանված է երկու խմբերի` մինչև քսանհինգ տարեկան և քսանհինգից բարձր, որոնք տարբերվում են իրենց հետաքրքրություններով, ապագայի նկատմամբ իրենց տեսակետներով ու սպասելիքներով: Ի դեպ` ներկաները դժվարացան պատասխանել հյուրի միայն մեկ հարցին, որը վերաբերում էր քսան տարի անց երկրի ու որոշ համակարգերի վիճակին, սակայն նշեցին, որ ընդհանուր առմամբ լիահույս են և պատրաստ աշխատել այդ տեսլականը ավելի որոշակի ու դրական դարձնելու ուղղությամբ:
Քեթի Փիրսի ռադիոհաղորդումը շուտով կտեղադրվի Նյուեվրասիայի վեբ կայքում`https://armenia.neweurasia.net: