2006 թվականի ապրիլի 18-21-ը Վրաստանի Գուդաուրի քաղաքում տեղի ունեցավ Փախստականների և բռնի տեղահանվածների Կովկասյան CRINGO ցանցի Գլխավոր ասամբլեան: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացնում էր ասոցիացիայի անդամ Գայանե Մարուքյանը: Ասամբլեայի նպատակն էր լուծման ուղիներ մշակել ցանցի գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Աշխատանքային առաջին օրը տեղի ունեցավ մասնակից կազմակերպությունների ցուցահանդես, որի ընթացքում ՀԵԻԱ-ն ներկայացված էր բազմաթիվ հրատարակությունների ու նյութերի միջոցով: Հարկ է նշել, որ մասնակիցները հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ասոցիացիայի կողմից հրատարակված տեղեկատվական թերթիկների, բնակչության շրջանում անցկացված անվճար իրավաբանական խորհրդատվությունների և տարեկան հաշվետվության մեջ առկա տեղեկությունների կապակցությամբ: Բազմաթիվ կազմակերպությունների կողմից ընդգծվեց ասոցիացիայի ակտիվ գործունեությունը` հասարակության շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացման գործում: Տարբեր երկրների բազմաթիվ մասնակիցներ հայտնեցին իրենց պատրաստակամությունը` կազմակերպության կողմից իրականացվելիք ծրագրերին ուղղված հետագա համագործակցության ու օժանդակության կապակցությամբ:
Աշխատանքային հաջորդ օրերի ընթացքում ներակայացվեցին CRINGO ցանցի ծրագրային փաստաթուղթը և Կոորդիանցիոն խորհրդի հաշվետվությունը: Օրակարգում դրվեց նաև Փախստականների Դանիական խորհրդի հաշվետվության քննարկումն ու ընդունումը: Հաշվետվության վերաբերյալ քննարկումներն առավելապես միտված էին տեխնիկական թերությունների շտկմանն ու դրանց հետագա վերացմանը, սակայն ծրագրային փաստաթղթի վերաբերյալ արտահայտված կարծիքները տարբերակված էին և նույնիսկ հակասական: Փաստաթղթերն ընդունվեցին ասամբլեայի լիիրավ անդամների քվեարկությամբ:
Ասամբլեայի կողմից քննարկվող հաջորդ խնդիրը վերաբերում էր ցանցի անդամների կողմից անդամավճարների համակարգի ներմուծմանը: Լայնածավալ քննարկումների արդյունքում սա ևս ընդունվեց, սակայն անդամավճաrepresրի չափը դեռևս մնաց անորոշ: Ինչպես հայտնել էր Փախստականների դանիական խորհրդի ներկայացուցիչ Անիկա Կրիստիչը, խորհուրդը ֆինանսավորելու է ցանցի գործունեությունը մինչև 2008 թվականը: Բնական է, որ այդ ժամանակահատվածը քիչ է ցանցի առաջ դրված հիմնական նպատակների իրագործման համար, հետևաբար անդամավճարների խնդիրը բավական կարևոր էր ցանցի համար: Ասամբլեայի մասնակիցները բաժանվեցին չորս աշխատանքային խմբերի, որոնց կողմից մշակվեցին և ընդհանուր ժողովում քննարկվեցին ֆինանսների հայթայթման, ցանցի արդյունավետ գործունեություն, բախումների կանխման ուղիների, տեղեկատվություն և կոմունիկացիոն միջոցների վերաբերյալ հարցեր:
Ասամբլեային հրավիրվել էր և հատուկ ելույթով հանդես եկավ Ղրղզստանի “Դոլինա Միրա” ցանցի ներկայացուցիչ Ադիլբեկ Իսմաիլովը, որի ելութն ուսուցանող էր նորաստեղծ ցանցի համար և միտված էր փորձի փոխանակմանը:
Աշխատանքային երկրորդ օրվա վերջում տեղի ունեցավ ամենաակտիվ մասնակից կազմակերպությունների պարգևատրման արարողությունը: Հայաստանյան խմբից պարգևի արժանացավ “Մեր տունը Հայաստանն է” ՀԿ-ն:
Ասամբլեային առաջին անգամ մասնակցում էին նաև ցանցի ասոցիատիվ անդամները, ինչը ևս որպես ողջունելի քայլ հատուկ նշվեց մասնակիցների կողմից: Վերջում տեղի ունեցավ Գլխավոր ասամբլեայի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ կազմակերպիչները, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, հույս հայտնեցին, որ համագործակցության հետագա շարունակությունը կհանգեցնի ցանցի առաջ դրված հիմնախնդիրների իրագործամանը: