2006թ.-ի մայիսի 19-ին Երևան հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում” ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրն ուղղված է Հայաստանում միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացմանը նպաստելուն:
Շնորհանդեսին ներկա էին ծրագրի աջակից Եվրասիա հիմնադրամի և ծրագրով ՀԵԻԱ-ի համագործակից Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի ներկայացուցիչները, ծրագրի ընթացքում վերապատրաստում անցած իրավաբաններ ու ՓՄՁ ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից:
Շնորհանդեսի նպատակն էր ներկայացնել “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում” ծրագրի միջանկյալ արդյունքներն ու ձեռքբերումները:
ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկաների ուշադրությանը ներկայացրեց “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում իրականացված վերապատրաստման ու ուսուցման դասընթացների, մատուցված ծառայությունների վերաբերյալ իրականացված աշխատանքների արդյունքները: ՀԵԻԱ-ի նախագահը ներկայացրեց նաև ծրագրի նորաստեղծ ինտերնետային էջը, որը պարունակում է տեղեկատվություն ծրագրի կազմակերպիչների, աջակիցների, անցկացված ուսուցումների, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ստեղծված միջնորդ դատարանի վերաբերյալ: Էջում տեղադրված են նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակների առնչությամբ գործող կամ նախագծի փուլում գտնվող օրենքներն ու իրավական ակտերը:
Այնուհետև, ՀԵԻԱ փոխնախագահ Դավիթ Աբգարյանը ներկա գտնվողներին ներկայացրեց ծրագրի շրջանակներում հրատարակված նյութերը` ուղեցույցն ու տեղեկատվական թերթիկները:
Ծրագրի կարևորագույն ձեռքբերումներից է հանդիսանում հիմնադրված Հայաստանի երիտասարդ իրավաբաննների ասոցիացիային ու Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամին առընթեր միջնորդ դատարանը, որի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրեց միջնորդ դատարանի նախագահ Վրեժ Գասպարյանը:
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցավ Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի նախագահ Գագիկ Պողոսյանը, որը կարևորեց ծրագրի արդյունքներն ու ՀԵԻԱ-ի հետ համագործակցության սկիզբը: Եվրասիա հիմնադրամի ներկայացուցիչ Մարինա Այվազյանը հիմնադրամի անունից ողջունեց կազմակերպիչներին ու ներկաներին` ևս մեկ անգամ կարևորելով ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները և այն իսկապես հաջողված համարեց:
Շնորհանդեսի վերջում ներկաները հրավիրվեցին հյուրասիրության` ոչ պաշտոնական միջավայրում հնարավորություն ունենալով շփվել և քննարկել իրենց հուզող հարցերը:
Միջոցառումը լուսաբանվեց “Արմնյուզ” հեռուստաընկերության կողմից: