Հայաստանի Ջեսափի ակումբը մայիսի 27-ին կազմակերպել էր քննարկում` “Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի հիմնախնդիրը միջազգային իրավունքի տեսանկյունից” խորագրով: Քննարկման նպատակն էր վեր հանել իրավական այն հիմքերը, որոնք ապացուցում են Լեռնային Ղարաբաղի` պատմականորեն հայկական տարածք լինելու, ոչ օրինական կերպով Ադրբեջանին միացվելու, իսկ ներկայումս ինքնորոշման իրավունք ունենալու փաստերը: Ջեսափի ակումբի մասնակիցները ակտիվ քննարկման ընթացքում մանրամասնորեն վերլուծեցին պատմական իրադարձությունները և փաստաթղթերը, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ: Քննարկման արդյունքում Հայաստանի Ջեսափի ակումբի մասնակիցները անվիճելի համարեցին այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն օժտված է ինքնիշխան պետության բոլոր ատրիբուտներով` տարածք, բնակչություն, հանրային իշխանություն իրականացնող մարմիններ, սակայն պետությունը կարող է հանդիսանալ միջազգային իրավունքի սուբյեկտ միայն միջազգային իրավական ճանաչումից հետո: Միջազգային իրավական ճանաչումը պետության միակողմանի կամավոր ակտն է, որով նա նպատակահարմար է գտնում իրավաբանական հարաբերությունների մեջ մտնել ճանաչվող կողմի հետ: Այսօր ձևավորված քաղաքական իրողությունը վկայում է, որ Լեռնային Ղարաբաղի` որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ճանաչվելու փաստը կախված է մի քանի գերտերությունների կամքից: Խնդիրը ոչ թե գերտերությունների ոչ բարիդրացիական վերաբերմունքն է Հայաստանի, առավել ևս Ղարաբաղի նկատմամբ, այլ այն, որ ունենալով լայնածավալ տարածքներ և այսօր ճանաչելով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, հետագայում իրենք իսկ կարող են կանգնել որևէ տարածքի ինքնորոշման խնդրի առջև: Ոստի, ունենալով այս խնդրի լուծման ուժեղ իրավական հիմքեր, պետք է միաժամանակ հաշվի նստել հզոր պետությունների քաղաքական կամքի հետ, պետք է ձգտել հասնելու այն բանին, որպեսզի մեզ վերաբերող հարցերում վերջիններիս կամքը ձևավորվի մեր կամքին համապատասխան:
Քննարկման արդյունքում առանձնակի ուշադրության արժանացան և միջազգային իրավունքի տեսանկյունից մանրամասն վերլուծվեցին իրավական այն ակտերն ու դրանց իրավական հետևանքները, որոնք հիմք են հանդիսացել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում որպես ինքնավար շրջան ներառելու, 1991թ.-ին Ադրբեջանի Հանրապետության` Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդությունից հրաժարվելու և միաժամանակ 1918-1920թթ. ընկած ժամանակահատվածում գոյատևած Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության վերականգնումը հռչակելու և 1991թ.-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանը հանրապետություն հռչակելու համար:
Ակումբի քննարկման առարկա դարձած խնդիրը փոքրիշատե պարզաբանելու նպատակով Ջեսափի ակումբի լրատուի միջոցով կհրապարակվեն վերջին հարյուրամյակում Ղարաբաղի կարգավիճակի փոփոխություններն ամրագրող կարևոր փաստաթղթերի մասին տեղեկություններ և դրանց` խնդրին առնչվող դրույթները:
Կարևորելով Ղարաբաղյան հիմնահարցի արդիականությունը` Հայաստանի Ջեսափի ակումբը նախատեսում է կազմակերպել նաև հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի հետ, որի ընթացքում կպարզաբանվի հիմնահարցի ներկայիս իրական վիճակը, հիմնահարցի լուծման հնարավոր տարբերակները և միջազգային հանրության վերաբերմունքը ղարաբաղյան հիմնախնդրին: