Հանդիպում Իրանի իրավաբանների ասոցիացիայի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալբերտ Բերնարդիի հետ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան այսօր Կենտրոնական գրասենյակում հյուրընկալել էր Իրանի իրավաբանների ասոցիացիայի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալբերտ Բերնարդիին: Հանդիպման մասնակիցներն էին ՀԵԻԱ-ի անդամներ ու երիտասարդ իրավաբաններ:
Հանդիպման սկզբում ՀԵԻԱ-ի փոխնախագահ Դավիթ Աբգարյանը ներկայացրեց հյուրին` խնդրելով նրան ընդհանուր տեղեկություններ ներկայացնել Իրանի դատաիրավական համակարգի և փաստաբանական գործունեության վերաբերյալ: Պարոն Բերնարդին ներկայացրեց Իրանի դատական համակարգը, որը մինչ վարչական փոփոխությունները ավելի մոտ է եղել եվրոպականին, իսկ իսլամական հեղափոխությունից հետո այն էական փոփոխություններ է կրել և ստացել համապատասխան երանգավորում: Հյուրն այս առնչությամբ հետաքրքիր օրինակներ բերեց իր փորձից: Ինչ վերաբերում է քաղաքացիական իրավունքին, ապա այստեղ հիմնականում տարբերություններ չկան մեր համակարգի համեմատությամբ:
Պարոն Բերնարդին բավականին մանրամասն ներկայացրեց Իրանում իրավաբանական (փաստաբանական) գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանները: Ըստ դրանց` շրջանավարտը, որը ցանկանում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, դիմում է Իրանի իրավաբանների ասոցիացիային և փորձառու իրավաբանի մոտ մեկուկես տարի որակավորում է անցնում: Այդ ընթացքում նա պետք է ներկա գտնվի մեկ քրեական և երեք քաղաքացիական դատավարությունների, իսկ վերջում հանձնի որակավորման քննություն: Իրանի իրավաբանների ասոցիացիան այժմ միավորում է շուրջ 10000 իրավաբանների:
Բավականին հետաքրքիր էր լսել Իրանում հրապարակվող Պաշտոնական պարբերականի վերաբերյալ, որտեղ հրապարակվում են բոլոր օրենսդրական ակտերը, դատաիրավական համակարգի փոփոխությունների, իրավաբանական անձանց գրանցման և լուծարման հետ կապված և այլ տեղեկություններ: Պարոն Բերնարդին պատմեց նաև Իրանում իրավաբանի (փաստաբանի) մասնագիտական էթիկայի, իրավաբանների գործունեության հետ կապված հարկային դաշտի, հանրային պաշտպանի ինստիտուտի և Իրանի դատական համակարգում կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մասին: Հյուրը տեղեկացրեց, որ Իրանում այսօր ցավոք շատ քիչ են հայ իրավաբանները, որոնց թիվը քսանհինգից չի անցնում և նշեց, որ յուրօրինակ հպարտություն է զգում, որ նա, լինելով հայ, ղեկավարում է Իրանի փաստաբաններին միավորող այդ խոշոր ինստիտուտի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովը: