Սույն թվականի հուլիսի 10-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի Ջեսափի ակումբի մի խումբ անդամներ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում հանդիպում ունեցան նախարար Վարդան Օսկանյանի հետ:
Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի Ջեսափի ակումբի գործունեությունը և նախարարից լսել Հայաստանի արտաքին քաղաքականության, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերջին զարգացումների շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման, քննարկվող փաստաթղթի մանրամասների և հակամարտության լուծման գործընթացի հետագա հնարավոր զարգացումների մասին:
Հանդիպման մասնակիցների հարցերը հիմնականում նվիրված էին վերոնշյալ թեմաներին:
Նախ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը հակիրճ ներկայացրեց կազմակերպության և Հայաստանի Ջեսափի ակումբի գործունեությունը, որից հետո պարոն Օսկանյանը անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի ներկա զարգացումներին, զուգահեռներ անցկացրեց բանակցային գործընթացի տարբեր փուլերում հակամարտող կողմերին արված առաջարկների միջև` նշելով Հայաստանի դիրքորոշումները դրանց վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրեց հնարավոր զարգացումները:
Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում: Քանի որ նախատեսված ժամանակում հնարավոր չեղավ անդրադառնալ հետաքրքրող բոլոր հարցերին, պատեհ համարվեց հետագայում շարունակել նմանատիպ հանդիպումները` քննարկման նյութ ունենալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, Հայաստանում ժողովրդավարության և իրավական պետության կայացման և մեր երկրի զարգացման համար կարևոր այլ թեմաներ:
Հանդիպման վերջում Վարդան Օսկանյանին շնորհվեց Հայաստանի Ջեսափի ակումբի պատվավոր անդամի կոչում և հանձնվեց համապատասխան վկայագիր: