Փախստականների հարցերով զբաղվող ՀԿ-ների մասնակցությամբ դասընթաց

2006թ. հուլիսի 24-25-ը Փախստականների դանիական խորհրդի կողմից Ծաղկաձորում կազմակերպվել էր դասընթաց-սեմինար, որին մասնակցում էին փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբավող ՀԿ-ների CRINGՕ ցանցի ներկայացուցիչները: Սեմինար-պարապմունքը վարում էր Բրազիլիայից ժամանած մասնագետ Քոնոր Ֆոուլին:
Սեմինարին մասնակցում էր նաև ցանցում ՀԵԻԱ-ի ներկայացուցիչ Գայանե Մարուքյանը:
Սեմինարի առաջին օրը նվիրված էր մասնակիցներին թիմային աշխատանքի հնարքներին ծանոթացմանը: Սեմինարի երկրորդ մասում մասնակիցները բաժանվեցին 4 խմբերի և տարբեր խնդիրների շուրջ մշակեցին պրակտիկ գործունեության ծրագրեր, որոնք այնուհետև ներկայացվեցին մյուսներին: Հարկ է նշել, որ ոլորտում առկա խնդիրներից մասնակիցներին առավելապես հետաքրքրում էր փախստականների ինտեգրմանը վերաբերող խնդիրը:
Սեմինարի երկրորդ օրը նվիրված էր մարդու իրավունքների սահմանափակումներ պարունակող գործողությունների դեմ կիրառման ենթակա միջոցառումների մշակմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա միջազգային իրավական փաստաթղթերի վերլուծությանը: Այնուհետև, նախապես տրամադրված թեմաների շուրջ մասնակիցները նախապատրաստեցին և ներկայացրեցին իրենց զեկույցները, որոնք քննարկվեցին ներկաների կողմից:
Ցանցի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին Քոնոր Ֆոուլիին բովանդակալից դասընթացի անցկացման համար և ստացան համապատասխան վկայականներ: