2006թ. հուլիսի 24-ին ՀԵԻԱ-ի անդամ, փաստաբան Լիանա Հարությունյանը դիմել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի նախագահ, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին` ներկայումս դատական պրակտիկայում գործող և քաղաքացիական դատավարությունում կիրառվող ներկայացուցչության ինստիտուտի հետ առաջ եկած տարաձայնությունները պաշտոնապես պարզաբանելու և դատարաններում միասնական դատական պրակտիկայի կիրառումը ապահովելու համար:
Դիմումում առաջ քաշված խնդիրը, որին բախվում են փաստաբան-ներկայացուցիչները գործող դատական պրակտիկայում, կայանում է նրանում, որ քաղաքացիական գործերով որոշ դատարաններ փաստաբան-ներկայացուցչից, նույնիսկ վստահորդի ներկայության դեպքում, անտեսելով փաստաբանական գործունեության արտոնագիրը, պահանջում են վստահորդի կողմից տրված լիազորագիր, իսկ լիազորագրի բացակայության դեպքում` արգելում եմ փաստաբան-ներկայացուցչին օգտվելու օրենքով իրեն վերապահված դատավարական իրավունքներից:
Այսպիսով` ոչ միայն ոտնահարվում են փաստաբանի օրենքով ամրագրված իրավունքներն ու օրինական շահերը և դրանով արժեզրկվում փաստաբանության ինստիտուտը, այլև չի ապահովվում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուր անձի որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: