2006թ.-ի հոկտեմբերի 25-ին Երևան հյուրանոցում կայացավ “ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին” թեմայով իրավաբան ուսանողների և երիտասարդ իրավաբանների հանրապետական գիտաժողովի բանավոր փուլը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի աջակցությամբ` ՀՀ պետբյուջեից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Գիտաժողովի հովանավորներն են Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը: Բանավոր փուլի ընթացքում զեկույցներով հանդես եկան ներկայացված վեց լավագույն աշխատանքների հեղինակները: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին գիտաժողովի դատավորների կողմից, որոնց կազմում այս անգամ ևս ընդգրկվել էին հեղինակավոր իրավաբաններ` ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության պետի տեղակալ, ՀՀ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Վրեժ Գասպարյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Դավիթ Աբգարյանը և Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի գործադիր տնօրեն, փաստաբան Էլինար Վարդանյանը: Զեկուցողները բանավոր փուլի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադարձել էին ՀՀ Սահմանադրության փոփոխված դրույթներին, դրանից բխող օրենսդրական և դատաիրավական փոփոխություններին: Վերջիններս ներկայացրին նաև իրենց կարծիքներն ու առաջարկությունները օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
Զեկույցներից հետո մասնակիցները պատասխանեցին դատավորների լուրջ հարցադրումներին: Այնուհետև կազմակերպիչները ամփոփեցին գիտաժողովի արդյունքները: ” ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին ” թեմայով իրավաբան ուսանողների և երիտասարդ իրավաբանների հանրապետական գիտաժողովի երրորդ մրցանակի արժանացավ Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողուհի Գայանե Հակոբյանը: Նույն բուհի հինգերորդ կուրսի ուսանողուհի Եսթեր Բարսեղյանին շնորհվեց գիտաժողովի երկրորդ և “Լավագույն զեկույց” մրցանակները: Իսկ գիտաժողովի հաղթող ճանաչվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հայկ Կարապետյանը, որը արժանացավ նաև “Լավագույն հռետոր” մրցանակին: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ: Բանավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան խրախուսական մրցանակների: Գիտաժողովի դատավորները բարձր գնահատեցին գիտաժողովի մասնակիցների աշխատանքն ու ջանքերը և նշեցին, որ քաղաքացիական հասարակության կայացման գործում առանձնապես կարևոր է հասարակության իրավական իրազեկության բարձր մակարդակը, մասնավորապես նրա լավատեղյակ լինելը երկրի Սահմանադրությանն ու օրենքներին, և որպես այդ նպատակի իրագործման կարևորագույն միջոց` առանձնացրեցին երիտասարդ իրավաբանների ավելի ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը այդ գործընթացին:
Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանեցին ԱՐ, Արմնյուզ, Արմենիա և Երևան հեռուստաընկերությունները, Հայաստանի հանրային ռադիոն, Ռադիո Հայը, Առկա լրատվական գործակալությունը և Անցուդարձ էլեկտրոնային թերթը: