2006թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Քաղաքացիական գործերով վերքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Ա. Թումանյան, դատավորներ` Տ. Սահակյան, Վ. Ավանեսյան) դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Աբրահամյանի ընդդեմ “ԱրմենՏել” ՓԲԸ-ի` 08.12.2005 թվականի N504-Կ աշխատանքից ազատման հրամանը անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդը վճարելու պահանջի մասին, վճռեց հայցը բավարարել, այն է` անվավեր ճանաչել 08.12.2005թ. N504-Կ աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել Ա. Աբրահամյանին աշխատանքում և “ԱրմենՏել” ՓԲԸ-ից բռնագանձել հարկադիր պարապուրդը` ամբողջ ժամանակահատվածի համար: Վճիռը հրապարակումից անմիջապես հետո ստացավ օրինական ուժ:
Հիշեցնենք, որ ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը այլ կազմով մեկ անգամ արդեն` 02.06.2006թ.ին, դռնբաց դատական նիստում քննել էր Ա. Աբրահամյանի հայցը և վճռել այն ամբողջովին մերժել` այն անհիմն լինելու պատճառաբանությամբ: ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատը իր 28.07.2006թ. որոշմամբ Ա. Աբրահամյանի ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը բավարարել էր, բեկանել ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 02.06.2006թ. վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Արմեն Աբրահամյանի շահերը դատարանում ներկայացնում էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Լիանա Հարությունյանը:
Տեղեկատվության համար պետք է նշել, որ “ԱրմենՏել” ՓԲԸ-ի չորս բաժինների աշխատակիցներ 2005թ.-ի նոյեմբերի 17-ին իրենց մասնագիտական, աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության նպատակով իրականացրեցին երկժամանոց նախազգուշական գործադուլ, որից հետո նախազգուշական գործադուլ իրականացրած աշխատակիցների նկատմամբ ԱրմենՏելի կողմից սկսվեցին հետապնդումներ, որի արդյունքում վերը նշված աշխատակիցների մեծ մասը ապօրինի կերպով ազատվեցին աշխատանքից: Առաջինը անօրինական ճանապարհով աշխատանքից ազատվեցին նախազգուշական գործադուլն իրականացրած բաժինների ղեկավարները` Ա. Ղուկասյանը և Ա. Աբրահամյանը: Ուրախությամբ պետք է նշել, որ շուրջ մեկ տարի տևած դատական գործընթացներից հետո վերջապես վերականգնվեցին և° Ա.Ղուկասյանի և° Ա.Աբրահամյանի խախտված իրավունքները: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան վստահ է, որ ԱրմենՏելի աշխատակիցների խախտված իրավունքների պաշտպանության գործը հաջողությամբ կհասցնի իր հաղթական ավարտին, և ապօրինի կերպով աշխատանքը կորցրած բոլոր աշխատակիցները կվերականգնվեն իրենց աշխատատեղերում, իսկ վերը նշված հարցերում ապօրինություններ գործած ԱրմենՏելի բոլոր մանր և միջին պաշտոնյաներն ու խորհրդատուները պատասխան կտան իրենց կատարածի համար: