2006թ.-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՀԵԻԱ-ի Կենտրոնական գրասենյակում հանդիպում ունեցավ Համաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Աղքատության նվազեցման և տնտեսական կառավարման բաժնի կառավարական սեկտորի հարցերով ավագ մասնագետ Դեվիդ Բերնշտեյնի, նույն բաժնի ծրագրերի վերլուծաբան Դավիթ Մելիքյանի և Վրաստանում ու Հայաստանում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան առաջին քարտուղար, առաքելության ղեկավարի տեղակալ Ժանետ Ալբերդայի հետ: Հանդիպման սկզբում հյուրերը ՀԵԻԱ-ի նախագահին ներկայացրեցին Համաշխարհային Բանկի կողմից տրամադրված պետական վարկի միջոցով ներկայումս Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի ընթացքի մասին, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերեցին այդ ծրագրի մոնիթորինգի իրականացման վերաբերյալ: Այնուհետև ՀԵԻԱ-ի նախագահը հյուրերին ներկայացրեց ներկայումս դատաիրավական բարեփոխումների բնագավառում ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող ծրագրերը: