“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երրորդ գիտաժողովն ավարտվեց

2006թ.-ի նոյեմբերի 14-ին Երևան հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպվող “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երրորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովն արդեն կայացած ավանդույթ է և նպատակ ունի փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը, նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաև թույլ է տալիս լսել նոր գաղափարներ և լուծումներ, որոնք առաջարկվում են նոր սերնդի երիտասարդ իրավաբանների կողմից:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 21 ուսանողներ` Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 11 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Զեկուցողները բանավոր փուլի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադարձել էին փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները` առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր փաստաբաններից կազմված ժյուրիի կողմից:
“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երրորդ գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողուհի Եսթեր Բարսեղյանը: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հայկ Կարապետյանն արժանացավ “Լավագույն գրավոր զեկույց” և գիտաժողովի երկրորդ մրցանակներին: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող Գևորգ Մարտիրոսյանը:
Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակների: Բանավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան խրախուսական մրցանակների:Գիտաժողովի հիմնադիր, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը նախատեսել էր գիտաժողովի հատուկ մրցանակ, որը շնորհվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Քամալյանին:

Գիտաժողովի հովանավորներն էին Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և “ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ” իրավաբանական ընկերությունը: Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց Երևան հեռուստաընկերության և “Առավոտ” օրաթերթի կողմից: