2006թ.-ի դեկտեմբերի 5-ին Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի VII համաժողովը: Համաժողովի սկզբում ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը հակիրճ ներկայացրեց ՀԵԻԱ-ի ռազմավարական ուղղությունները, որոնց ուղղությամբ կազմակերպությունն աշխատել է վերջին երկու տարիների ընթացքում: Այնուհետև ՀԵԻԱ-ի նախագահն անդրադարձավ այն հիմնական նպատակներին, որոնք որդեգրելու է կառույցը առաջիկայում` առանձնացնելով հատկապես անդամության ինստիտուտի և ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանումների հզորացումը, վարչության կազմի պատասխանատվությունների, ինչպես նաև կառույցի ներկազմակերպական կյանքի բարելավմանն ու աշխուժացմանն առնչվող հարցերը: Համաժողովը բարձր գնահատեց և հաստատեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահի կողմից ներկայացված ասոցիացիայի 01.12.2004թ.-ից մինչև 01.12.2006թ.-ը ընկած ժամանակահատվածի գործունեության, գույքի օգտագործման և ֆինանսական հաշվետվությունը: Համաժողովի կողմից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ ընտրվեց Կարեն Զադոյանը, փոխնախագահ` Դավիթ Աբգարյանը, պատասխանատու քարտուղար` Նարինե Կարապետյանը: Վարչության կազմում եղան փոփոխություններ, և վարչության անդամներ ընտրվեցին Արծրուն Միրզոյանը, Արշավիր Խալափյանը, Գարիկ Հայրապետյանը, Լուսինե Աբգարյանը, Լիանա Հարությունյանը և Արփինե Եղիկյանը: Այնուհետև տեղի ունեցան ՀԵԻԱ-ի մասնագիտացված հանձնաժողովների ղեկավարների և մարզային գրասենյակների ղեկավարների հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին համապատասխան ոլորտների խնդիրներն ու նպատակները: Վերջում համաժողովի մասնակիցները հրավիրվեցին հյուրասիրության: