Սույն թվականի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող CRINGO կովկասյան ցանցի երեվանյան հենակետի կողմից “Քննարկումների շաբաթվա” շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսը, որը կրում էր “Բարեկեցիկ կյանք փախստականների համար” խորագիրը: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ներկայացնում էր կազմակերպության անդամ, CRINGO ցանցում ՀԵԻԱ-ի ներկայացուցիչ Գայանե Մարուքյանը: Ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվեցին բազմաթիվ նկարներ, որոնք պատկերում էին փախստականների բնակարանային խնդիրները, առկա վիճակը, ինչպես նաև կատարված դրական տեղաշարժերն այդ ուղղությամբ: Մասնակիցների թվում էին գործարար աշխարհի ներկայացուցիչներ, պետական կառավարման համակարգի աշխատակիցներ: Վերջիններիս ներգրավման նպատակը ոլորտում տիրող իրավիճակին իրազեկելը և առկա հիմնախնդիրներին ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելն էր, ինչպես նաև փորձել համատեղ ուժերով մշակել խնդրի լուծման ուղիներ: Այս տարի “Քննարկումների շաբաթվա” շրջանակներում հայտարարվել էր լավագույն հոդվածի մրցույթ, որտեղ անդրադարձ էր լինելու փախստականների բնակարանային հիմնախնդիրներին: Ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցավ նաև լավագույն հոդվածի շնորհանդեսը: