Սեմինար “Սեփականության իրավունքի ապահովումը Հայաստանում” թեմայով

Սույն թվականի դեկտեմբերի 25-ին Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիայի անդամ Գայանե Մարուքյանը մասնակցեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Ժնևի Միջազգային հարաբերությունների Բարձրագույն Դպրոցի կողմից Հարավային Կովկասում իրականացվող “Միջազգային հարաբերությունների մասին գիտելիքների ամրապնդում” ծրագրի Շրջանավարտների Խորհրդի կողմից կազմակերպված “Սեփականության իրավունքի ապահովումը Հայաստանում” թեմայով սեմինարին:
Սեմինարի կազմակերպիչ, Մարդու իրավունքների գծով միջոցառումների պատասխանատու  Մարատ Ատովմյանն անդրադարձավ սեփականության իրավունքի պաշտպանության պատմական ձևերին և դրա զարգացման պատմական օրինաչափություններին: Նա նաև ընդգծեց սեփականության իրավունքի կարևորությունը` որպես մարդու կարևորագույն և անօտարելի իրավունք:
Սեմինարի բանախոս, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ադրադարձավ պաշտպանի 2004 և 2005թթ. տարեկան զեկույցներին` սեփականության իրավունքի պաշտպանության մասով, ընդգծելով, որ այդ խնդիրն այնտեղ արտացոլվել է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում  որդեգրված սկզբունքների հետևողական իրականացման համատեքտում:  Տիկին Ալավերդյանը նաև նշեց, որ, ինչպես ցույց են տվել իր դիտարկումները, կատարված գործողություններն ըստ էության չեն համապատասխանել որդեգրված սկզբունքների ոգուն: Բանախոսն անդրադարձավ նաև  միջազգային փաստաթղթերի շրջանակներում տվյալ խնդրի շուրջ իրականացված կարգավորմանը, նշելով, որ դրանք, սահմանելով սեփականության իրավունքի պաշտպանությանը, միևնույն ժամանակ որևէ տեղ չեն ամրագրում փոխհատուցման տրամադրման կոնկրետ մեխանիզմներն ու կարգը:
Սեմինարի երրորդ բանախոս, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր ելույթում հիմնականում ընդգծեց այն ռիսկերը, որոնք կարող են կապված լինել սեփականության իրավունքի օտարման հետ:

Այնուհետև տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում բարձրացվեցին ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր: Սեմինարի ընթացքում վերլուծության ենթարկվեցին նաև “Հասարակաության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին” օրենքի որոշ դրույթներ: Վերլուծության ընթացքում բանախոսներն ու քննարկման մասնակիցները  փորձեցին ընդգծել դրանում խնդրի կարգավորման կապակցությամբ տեղ գտած բացթողումները: