“2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի թիմը

Հայաստանում 5-րդ անգամ տեղի ունեցավ “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլը, որը կազմակերպվել էր Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ միջազգային Զարգացման գործակալության, Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակի, Ամերիկահայ իրավաբանների ասոցիացիայի և Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:
“2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 14 թիմեր` Երևանից և ՀՀ մարզերից:
2005թ.-ի փետրվարի 5-6-ը Երևան քաղաքում, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցավ “2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլը, որին մասնակցեցին 8 թիմեր: Փետրվարի 5-ին, հաստատված ժամանակցույցին համապատասխան, անցկացվեցին մրցույթի 1-ին, 2-րդ, 3-րդ նախնական մրցափուլերը, փետրվարի 6-ին անցկացվեցին մրցույթի 4-րդ նախնական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը:
“2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը, որը եզրափակիչում հաղթեց ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի թիմին: Լավագույն հայցադիմում ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմի հայցադիմումը, մրցույթի նախնական մրցափուլերի լավագույն բանախոսներ ճանաչվեցին Սառա Շիրազյանը ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի թիմից, Աննա Հակոբյանը ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի թիմից և Արա Խզմալյանը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը թիմից, իսկ մրցույթի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող Արա Խզմալյանը:
Մրցույթի ավարտին տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որին մասնակցեցին հյուրեր, մրցույթի դատավորներ և ուսանողներ: Մրցույթում հաղթող և 2-րդ տեղը գրաված թիմերին, մրցույթի և նախնական մրցափուլերի լավագույն բանախոսներին շնորհավորեցին և համապատասխան հավաստագրեր հանձնեցին Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Նաիրա Գյուլնազարյանը, ՀՀ նախագահի օգնական, մրցույթի դատավոր, միջազգային իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս Վ.Սարգսյանը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, մրցույթի կազմակերպիչ Լ.Աբգարյանը:
Նույն օրը, մրցույթի պաշտոնական կանոններին համաձայն, Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի վաշինգտոնյան գործադիր գրասենյակ ներկայացվեց մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը մարտի 27-ից ապրիլի 2-ը Վաշինգտոնում կմասնակցի մրցույթի միջազգային փուլին: