ՀԵԻԱ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովն անում է իր առաջին քայլերը

2005թ. մարտի 23-ին ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Մարդու իրավունքների հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի նիստի օրակարգում դրված էր հանձնաժողովի կանոնակարգի, խորհրդանիշի, հետագա աշխատանքների և միջոցառումների պլանի հաստատումը, ինչպես նաև հանձնաժողովի ղեկավարի օգնականի, հանձնաժողովի քարտուղարի և արտաքին կապերի պատասխանատուի նշանակման հարցերը:
Հանձնաժողովը միաձայն ընդունեց և հաստատեց հանձնաժողովի կանոնակարգը, հանձնաժողովի խորհրդանիշը: Խորհրդանիշի վրա պատկերված կշեռքի հավասար նժարները խորհրդանշում են արդարությունը, իսկ կշեռքի նժարների մեջտեղում` արևով լուսավորված երկրագնդի պատկերը խորհրդանշում է մարդու իրավունքների պաշտպանվածությունը: Երկրագնդի վերևում հայերեն տպագիր մեծատառերով գրված է հանձնաժողովի անվան հապավումը` ՄԻՀ:
Հանձնաժողովը միաձայն քվեարկեց և հանձնաժողովի ղեկավարի օգնական նշանակեց Սոնա Հարությունյանին, հանձնաժողովի քարտուղար` Հեղինե Գյուլնազարյանին և արտաքին կապերի պատասխանատու` Անի Սիմոնյանին:
Նիստի վերջում հանձնաժողովի ղեկավար Լիանա Հարությունյանը մասնակիցներին տրամադրեց հատուկ ձևաթերթ` “Մարդու իրավունքների պաշտպանի մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ առաջարկությունները և դիտողությունները գրանցելու համար: Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները և դիտողությունները հետագայում կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: