Ավարտվեց 2005թ.-ի “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի միջազգային մրցափուլը, որտեղ հայաստանյան մրցափուլի հաղթող Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային փուլն անցկացվեց մարտի 28-ից ապրիլի 2-ը` ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում: Այս տարի միջազգային մրցափուլին մասնակցում էին 79 երկրների 103 թիմեր: Ըստ մրցույթի նախանական արդյունքների` Հայաստանը ներկայացնող Սլավոնական Համալսարանի թիմը “2005թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” միջազգային մրցույթում գրավեց 80-րդ տեղը, մինչդեռ նախորդ տարի հայաստանյան թիմը 52-րդն էր: “Հարդի Դիլլարդ”-ի անվան լավագույն հայցադիմումների մրցույթում ներկայացված հայաստանյան թիմի հայցադիմումը 40-րդն էր, իսկ 2004-ին` 56-րդը:
Ըստ նախնական արդյունքների միջազգային մրցափուլի հաղթող ճանաչվեց Արևմտյան Ավստրալիան ներկայացնող թիմը: Մրցափուլի լավագույն հայցադիմում ճանաչվեց Հունաստանի թիմի հայցադիմումը:
Մրցույթի պաշտոնական արդյունքները կամփոփվեն մեկ ամսվա ընթացքում և կտեղակայվեն միջազգային և հայաստանյան մրցույթների պաշտոնական վեբ-կայքերում` www.ilsa.org և www.lessup.ayla.am հասցեներով:
Մեր թիմի անդամների կարծիքով, միջազգային մրցափուլում նրանց հիմնական խոչընդոտը թիմի անդամների կողմից անգլերեն լեզվի ոչ լիարժեք տիրապետումն էր, չնայած որ նրանցից 2-ը մրցույթի ողջ ընթացքում ելույթ են ունեցել անգլերեն: Նրանք գտնում են, որ հաջորդ տարի Վաշինգթոն մեկնող թիմը կունենա ավելի լավ արդյունքներ, եթե ուշադրություն դարձնի լեզվի գործոնին և հռետորական հմտությանը:
“Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի 2006թ.-ի մրցույթին վերաբերող նյութերի փաթեթները Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր իրավաբանական բուհերին և բուհերի իրավաբանական ֆակուլտետներին կտրամադրվեն 2005թ.-ի սեպտեմբերից: