Հայտարարություն

Սույն թվականի ապրիլի 18-ի ժամը 15-ի սահմաններում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար, Սյունիքի մարզում հայտնի իրավապաշտպան Արշավիր Խալափյանի դեմ ոտնձգություն է կատարվել: Բազի Ալիկ մականունով ինչ-որ մեկը և Սյունիքի մարզպետի թիկնապահը խոչընդոտելով Ա.Խալափյանի մասնագիտական իրավապաշտպան գործունեությունը, որն ուղղված է եղել “Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի” փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների իրավունքների պաշտպանությանը` ծեծկռտուկ են սարքել:
Հայաստանի երտասարդ իրավաբանների ասոցիացիան խստորեն դատապարտում է տեղի ունեցած միջադեպը, մարզի հասարակությանը և ղեկավարությանը կոչ է անում դատապարտել այն` համապատասխան միջոցներ ձեռնարկելով նման միջադեպերը ապագայում բացառելու համար:
Վստահ ենք, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայության հաստատումը, խոսքի ազատությունը, ժողովրդավարական արժեքների արմատավորումը և քաղաքացիական հասարակության կայացումը այլընտրանքներ չունեն և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան շարունակելու է ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությանը ուղղված իր իրավապաշտպան, ոչ քաղաքական մասնագիտական գործունեությունը, մասնավորապես այսուհետ նույնպես բոլոր օրինական միջոցներով հետամուտ լինելով “Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի” փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների խախտված իրավունքների վերականգնմանը` ի հակառակ տարբեր ուժերի կողմից ստեղծված արհեստական դժվարությունների:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչություն