2005 թվականի ապրիլի 22-ին ժամը 11.00-ին, Երևանում, “Երևան” հյուրանոցում տեղի ունեցավ “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երկրորդ գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը, որը կազմակերպվեց Հայաստանի իրավաբանական հիմնադրամի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան ուսանողների բաժանմունքի կողմից: Գիտաժողովի հովանավորներն էին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը և “Բուկինիստ” գրատունը: Գիտաժողովի նպատակն էր փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, ինչպես նաև նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը և կայացմանը: Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց քննադատական երկխոսություններ իրականացնել փաստաբանության ինստիտուտի ներկա վիճակի և հրատապ հարցերի շուրջ: Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Հաստատված ժամանակացույցի համաձայն, 2005թ.-ի փետրվարի 25-ին, գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 43 ուսանողներ` Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական ԲՈՒՀ-երից և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովին մասնակցելու հայտեր ներկայացրած 43 ուսանողներից սահմանված ժամկետներում իրենց զեկույցները ներկայացրեցին 22-ը: Գիտաժողովի գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 7 լավագույն զեկույցների հեղինակները, գիտաժողովի պաշտոնական կանոնների համաձայն, իրավունք ատացան որպես զեկուցողներ մասնակցել գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլին: Գիտաժողովի գրավոր և բանավոր աշխատանքները գնահատելու համար որպես գիտաժողովի փորձագետ դատավորներ հրավիրվեցին ճանաչված փաստաբաններ, իրավաբաններ և դատավորներ: Գիտաժողովի հաղթողները արժանացան արժեքավոր մրցանակների: Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանեցին “ԱԼՄ” և “Կենտրոն” հեռուստաընկերությունները, Հայաստանի Հանրային ռադիոն, Ա1+ինտերնետային լրատվական վեբ կայքը և “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթը: