2005թ. ապրիլի 26-ին Թեքեյան կենտրոնում կայացավ “Մարդու իրավունքները 21-րդ դարում” խորագրով սեմինար, որը կազմակերպել էր Միջազգային հարաբերությունների հմտությունների զարգացման ծրագրի Շրջանավարտների Խորհուրդը:
Մասնակիցներին ողջունեց Շրջանավարտների Խորհրդի նախագահ` Մհեր Աբրահամյանը: Զեկուցողների թվում էին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան` Լարիսա Ալավերդյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալական հարցերով ներկայացուցիչ` Մարատ Ատովմյանը: Նրանք ներկայացրեցին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները, մարդու իրավունքները 21-րդ դարում և դրանց ունիվերսալությունը: Հանդիպմանը ներկա էին նաև պետական մարմիններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԵԱՀԿ, Եվրոխորհրդի ներկայացուցիչներ:
Սեմինարին մասնակցեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներ Հեղինե Գյուլնազարյանը, Գեորգի Իսայանը, Արինա Վարդերեսյանը և Անի Ղարաջյանը, որոնք իրենց հուզող հարցերը ուղղեցին զեկուցողներին:
Առաջիկայում` 2005 թվականի ընթացքում, սպասվում է շուրջ 8 նմանատիպ սեմինարների իրականացում: