Փաստաբանները մշակում են փաստաբանի վարքագծի կանոնները

2005թ. հունիսի 25-ին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության (ABA/CEELI) գրասենյակում տեղի ունեցավ փաստաբանի վարքագծի կանոնների մշակմանը նվիրված սեմինար-քննարկում: Հանդիպմանը ներկա էին ավելի քան 20 փաստաբաններ և երիտասարդ իրավաբաններ, որոնց թվում էին նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամաներ` իրավաբան Գևորգ Գյոզալյանը և փաստաբան Լիանա Հարությունյանը: Քննարկման սկզբում Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի Իրավական պետություն ծրագրի ղեկավար, փաստաբան Լիզա Ռուսսոն սեմինարի մասնակիցներին ներկայացրեց Միացյալ Նահանգների փաստաբանների վարքագծի կանոնները: Ներկա գտնվողների կողմից հիմնականում քննարկվեցին փաստաբան-փաստաբան, փաստաբան-վստահորդ, փաստաբան-քննիչ և փաստաբան-դատարան փոխհարաբերությունները: Վերջին փոխհարաբերությունը կարգավորող փաստաբանի վարքագծի կանոնների վերաբերյալ զեկուցեց ՀԵԻԱ-ի անդամ, փաստաբան Լիանա Հարությունյանը: Յուրաքանչյուր զեկույցից հետո մասնակիցներին ներկայացվեցին նաև տվյալ ոլորտին առնչվող արդի խնդիրներ: Հանդիպման վերջում ներկաները նշեցին փաստաբան-հակառակորդ կողմ, փաստաբան-ԶԼՄ, փաստաբան-պետական մարմին փոխհարաբերությունները կարգավորող վարքագծի կանոնների մշակման անհրաժեշտությունը, որոնք կներկայացվեն և կքննարկվեն հաջորդ հանդիպումների ժամանակ: